Արդեն պատրաստ են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների կազմերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 11 կազմակերպություններից երեքում հայաստանյան պատվիրակությունները ղեկավարելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Խոսքը ԱՊՀ մասնակից պետությունների վեհաժողովի, Միջխորհրդարանական միության եւ ՀԱՊԿ վեհաժողովի մասին է։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը միջխորհրդարանական որեւէ պատվիրակություն չի ղեկավարելու, սակայն ընդգրկված է միանգամից երկուսում՝ ԱՊՀ հարցերում եւ ԵԱՀԿ ԽՎ-ում։ Իսկ, ահա, մյուս փոխնախագահ Ալեն Սիմոնյանին էլ բաժին է հասել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում նախագահությունը, նա նաեւ ընդգրկված է ՀԱՊԿ ԽՎ-ում։
Հետաքրքիր է, որ նախորդ գումարման խորհրդարանում Ուղղափառության վեհաժողովում միայն երկու հոգի էր ընդգրկված՝ Արտաշեղ Գեղամյանն ու Վարդան Ղուկասյանը, իսկ այս անգամ՝ 5 մարդ։ ՆԱՏՕ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն Անդրանիկ Քոչարյանն է, Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովում էլ՝ Բաբկեն Թունյանը։ Ֆրանկոֆոնիան բաժին է հասել Հովհաննես Իգիթյանին, Հայաստան-ԵՄ-ն՝ Արման Եղոյանին, ԵԱՀԿ-ն՝ Հայկ Կոնջորյանին։