Մեր զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը.
-Կառավարության ծրագրի ձեւավորման գործընթացը փաստորեն ներառական չի եղել, քանի որ նշված չէ` ինչպես է կազմվել այն, ինչ կառույցներ են մասնակցել եւ այլն: Մյուս կողմից` ծրագրին չնախորդեցին հանրային քննարկումներ, ծրագրային հոդվածներ, վերլուծություններ: Սա հեղափոխակա՞ն ծրագիր է, ինչպե՞ս կգնահատեք:
-Կարծում եմ` բնական է, որ կառավարությունը ինքն իրենով մշակել ու բերել է: Լավ կլիներ իհարկե, որ քննարկումներ լինեին, բայց հիշենք, որ սահմանադրությամբ եւ օրենքով շատ կարճ ժամանակ է նախատեսված դրա համար` 15 օր: Այդ ընթացքում բավական բարդ կլիներ այդ ամենը իրականացնել:
-Ծրագրում չկա սահմանադրական փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվի իշխանության ճյուղերը, Ընտրական օրենսգրքի փոփոխություններ նախատեսված չեն, այնինչ սրանք ժողովրդավարական բարեփոխումների հիմքն են: Ի՞նչ կասեք այս մասին:
-Իշխանության ճյուղերի հավասարակշռման համար սահմանադրական բարեփոխում պետք չէ, դրա համար պետք է կառավարության կառուցվածքի փոփոխություն, պետք է ուղղակի հրաժարվել սուպերվարչապետական համակարգից. ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը,ՊԵԿ-ը բերել կառավարության կազմ որպես նախարարություններ, որպեսզի դրանք դառնան հաշվետու Ազգային ժողովին եւ լինեն Ազգային ժողովի վերահսկողության ներքո:
Սահմանադրությունը բացարձակ չի ասում, որ պիտի ունենանք հիպերվարչապետական համակարգ, լրիվ հակառակը, Սահմանադրությունը ասում է, որ պիտի լինի Կառավարություն, պիտի լինի Ազգային ժողով, Ազգային ժողովը պետք է վերահսկի գործադիրին: Երբ շատ ու շատ խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրներում սա ուղղակի ավանդույթի ուժով է գործում, մեզ մոտ դա սահմանադրությամբ սահմանված: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների բացակայությունը իրոք որ զարմացնում է, որովհետեւ մենք սպասում էին, որ դա պետք է ներառված լինի կառավարության ծրագրում:
-Ծրագրով կառավարությունը խոստանում է մինչեւ 2023 թվականը էապես նվազեցնել աղքատությունը, սակայն նշված չէ` թիրախային ինչ ցուցանիշներ կարելի է ակնկալել, գոնե մոտավոր թվեր ներկայացված չեն: Ի՞նչ հետեւություն կանեք:
-Ամենամեծ թերությունը այս ծրագրի հենց դա է, որ չկան կոնկրետ նշաձողերինչի եւ ինչպես ենք մենք ձգտելու, չկան թվային չափելի ցուցանիշներ, վերացական էր հիմնականում, եւ ամբողջ ծրագրում ընդամենը 12 թվանիշ էնշված եղել: Ամբողջ ծրագրում` 69 էջանոց, պատերազմող երկրի պարագայում ընդամենը 3 էջով է անվտանգությանը անդրադարձած, այն էլ` բավականին վերացական:
Այսինքն` ճանապարհային քարտեզ չկա, բայց մյուս կողմից էլ` զարմանալի չէ, որովհետեւ մենք չունենք դեռ կառավարության վերջնական կառուցվածք: Ունենք 17 նախարարություններով կառավարություն, որոնցից նշանակված են 12-ը, եւ ունենք 5 նախարարություն, որոնք չունեն նախարար, եւ ինչ է լինելու այդ նախարարությունների հետագա ճակատագիրը` անհայտ է. ո՞վ է իրականացնելու նրանց գործառույթները, ո՞վ է քաղաքական պատասխանատուն այդ ոլորտների համար, եւ առանց այս ամենը իմանալու բերվում է ծրագիր:
Պետք է առաջին հերթին հաստատվեր կառավարության կառուցվածքը, որպեսզի ոլորտի պատասխանատուները նաեւ ներգրավվեին ծրագրի կազմման մեջ եւ իրենց ոլորտի համար ներկայացնեին այդ ճանապարհային քարտեզը:Եւ եթե այդպես արվեր, կարծում եմ` այսքան վերացական չէր լինի կառավարության ծրագիրը:
-Չե՞ք կարծում, որ այդ վերացականությամբ կառավարությունը իրեն ապահովագրում է հաշվետվություն ներկայացնելուց:
-Նման գնահատական չեմ կարող տալ:Քաղաքական գնահատական ա՞յդ տիպի: Հիմա Դուք տվեցիք գնահատական եւ ուզում եք` ես համաձայնեմ դրա հետ: Ես ասում եմ, որ շատ վերացական ծրագիր է, մնացած ամեն ինչ մենք կասենք առաջիկա նիստի ժամանակ:
-Ինչ վերաբերում է թվերին, տեսե՛ք, խոստացվել է ՀՆԱ աճի միջին տեմպի առնվազն 5%-ի ապահովում, որն ամենեւին համարժեք չէ խոստացված «տնտեսական հեղափոխության» տրամաբանությանը, քանի որ նախորդ իշխանություններից այս իշխանությունը ստացել է տարեկան 7,7% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ծրագրում տնտեսական հեղափոխության նշույլներ չտեսա եւ նախանշաններ: Հեղափոխությունը ավարտվել է, հիմակառուցման, պետականաշինության գործընթացն է սկսել: Պետք է լիներ բարեփոխումների լուրջ մարտահրավերների ծրագիր.դա չենք տեսնում:
-Ծրագրի ո՞ր առանցքային դրույթների շուրջ եք պատրաստվում քննարկում ծավալել Ազգային ժողովում:
-Մտահոգություն կա, որ արտաքին քաղաքականության ոլորտում շարունակվում է նախկինների մոտեցումը: Հայաստանի որպես միակ ռազմավարական գործընկեր նշված է Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն` այստեղ այլընտրանքների փնտրտուք կամ հարաբերությունների զարգացման օրակարգ չկա: Նույնը անվտանգության ոլորտին է վերաբերում: Այստեղ նույնիսկ ավելի թույլ ձեւակերպումներ կան, քան Կարեն Կարապետյանի բերած ծրագրում: Կառավարության ծրագիրը չպիտի լինի աբստրակտ, պիտի լինեին չափելի, առարկայական դրույթներ, որպեսզի հասարակություն իմանար` ինչ սպասել, ինչ ակնկալել առաջիկա 5 տարիներին:
Զրուցեց Մարիամ Դանիելյանը