Ինչպես է սնանկության դատարանի նախագահը հեշտությամբ հարստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը չի ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հուսանք` չի մոռացել: Փոխարենը ներկայացված է 2017 թվականի հայտարարագիրը, երբ նա զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Ի դեպ, վատ ձեռքբերումներ չի ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականին նա բավականին էժան գներով հողամասեր է ձեռք բերել: Թե ինչպես է դա նրան հաջողվել, հայտնի չէ: Այսպես, նա երկու հողամաս է գնել` մեկը` 317 հազար 900 դրամով, մյուսը` 527 հազար դրամով: Բացի այս, 2017 թվականին նա հողին ամրակայված երկու անշարժ գույք է գնել` մեկը` 70 հազար 200 դրամով, մյուսը` 6 հազար դրամով: Դատարանի նախագահի դրամական միջոցները կազմել են 22.5 մլն դրամ եւ 9500 դոլար:

Գարիկ Ավագյանի ընդհանուր եկամուտը 2017 թվականին կազմել է 59 մլն 869 հազար դրամ. մոտ 680 հազար դրամ կազմել է Ավագյանի ամսական աշխատավարձը, 2 մլն 720 հազար դրամի «այլ եկամուտ» է ունեցել. թե ինչից, պարզ չէ: Իսկ ստացած փոխառությունը կազմել է 49 մլն դրամ: Նշենք, որ ՀՀ Սնանկության դատարանը գործում է այս տարվա հունվարի 1-ից: Գարիկ Ավագյանի` Սնանկության դատարանի նախագահ ընտրվելը որոշ դատավորների կողմից չընդունվեց:




Լրահոս