2018 թվականի դեկտեմբերի 5-ին «Նանտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Օլիմպիկ Մարսելին».
Այդ խաղի 30-րդ րոպեին տանտերերից խաղի հաշիվը բացեց արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան. գոլ, որը արգենտինացու համար դարձավ վերջինը ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաեւ ամբողջ կարիերայում…
2019 թվականի հունվարին Էմիլիանոն պաշտոնապես պայմանագիր կնքեց «Քարդիֆ Սիթիի» հետ՝ դառնալով անգլիական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը։Հունվարի 21֊ին արգենտինացու մասնավոր ինքնաթիռը անհետացավ ռադարների տեսադաշտից Լա Մանշի շրջանում։
Էմիլիանո Սալան երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին եւ իր երազանքին հասնել արդեն կարողացել էր, բայց ոչ ամբողջապես, նա ցանկանում էր հրավիրվել Արգենտինայի ազգային հավաքական, բայց այդ չարաբաստիկ ու անավարտ մնացած թռիչքը կործանեց մի ամբողջ ընտանիքի պատկերացումներն ու երազանքները։
Էմիլիանոն իր կարիերան սկսեց «Բորդոյում», որից հետո տեղափոխվեց «Նանտ» եւ իր գեղեցիկ ֆուտբոլով գերեց շատ թիմերի ՝ նույնիսկ «Ռեալին», սակայն Սալան չհավատաց, որ կարող է տեղ ունենալ մադրիդյան թիմի կազմում եւ որոշեց տեղափոխվել մի թիմ, որտեղ իր տեղն ապահովված է մեկնարկային կազմում։
Օրեր առաջ փրկարարները ինքնաթիռի բեկորների մեջ դիակ հայտնաբերեցին, որն էլ վերականգնելու արդյունքում պարզ դարձավ՝ հույսի վերջին կաթիլը էլ չկա. Էմիլիանո Սալան այլեւս չկա…
Անավարտ թռիչք, որը կործանեց մի ամբողջ սերնդի ապագա, որը արցունքն աչքերին թողեց նույնիսկ շանը, ով կարոտած աչքերով մինչ օրս սպասում է տիրոջ վերադարձին.
Էմիլիանոյի մահը սգում են բոլորը. առանց բացառության։
Հանգչի՜ր խաղաղությամբ ԷՄԻԼԻԱՆՈ…
Էդմոն Մարտիրոսյան