Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը կարևորել է կողմերի միջև լարվածության աճի նվազեցման, միջադեպերի կանխարգելման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը և դրանցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու միջազգային հանրության դերակատարումը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է տարածաշրջանային հակամարտութուններում հումանիտար բնույթի գործողությունների, մասնավորապես՝ ականազերծման, ինչպես նաև անհայտ կորածների շուրջ տեղեկատվության հայթայթման ու փոխանակման գործընթացների կարևորությունը: Տոյվո Կլաարը միաժամանակ վստահեցրել է, որ Եվրամիությունը ուժերի ներածին չափով շարունակելու է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:
Պաշտպանության նախարարը հյուրին է ներկայացրել նաև Սիրիայում Հայաստանի կողմից իրականացվող հումանիտար առաքելության նպատակը, ձևաչափը և խնդիրները: