«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը հրապարակային հայտարարություններով պարբերաբար տհաճ անակնկալներ է մատուցում` նրան դնելով անհարմար դրության մեջ: ՈՒ տպավորություն է, որ վաչապետը պարզապես կրակն է ընկել այդ թիմի ձեռքը: Արդեն մի քանի օր է՝ քննարկման թեմա է դարձել համացանցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումները, ավելի ճիշտ` վիրավորական արտահայտությունները, ՀԱԿ ներկայացուցիչերի հասցեին: Երեկ նրան միացավ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամներին անվանել էր ԿԳԲ գործակալներ:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ, ընդ որում՝ արձագանքը բավական խիստ էր: Նա խորհրդականից այդ խոսքերի համար պարզաբանումներ է պահանջել: «Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում եւ խոսքում պետք է հետեւեն կառավարության դիրքորոշումներին եւ մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- տեղեկացրել է Փաշինյանի խոսնակը: Երեկ` ավելի վաղ` կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ չի կարող այդ կարգավիճակում խոսել այնպես, ինչպես առաջ:
Մինչ այդ նկատենք՝ սա առաջին նման դեպքը չէր. թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունում պաշտոն ստացած մի քանի հոգի հրապարակային հայտարարություններում անցել էին թույլատրելիի սահմանը եւ ստիպված եղան աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Սակայն տեղի ունեցածը կարծես դաս չեղավ թիմի մյուս անդամների համար. նրանք մոռացել են այդ ամենը, մինչդեռ ճիշտ կանեին, եթե հիշեին պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում Փաշինյանի ելույթի հատվածը, երբ խորհուրդ էր տվել խոսելուց առաջ մտածել: Հիմա այս խորհուրդի կարիքն ունեն հենց նրա կողմնակիցները»:
Ամբողջական հոոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում