«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահական տեսչական մարմնում ՀՀ վերաքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել: Չնայած ՀՀ պետական բյուջեից ստացված ֆինանսական միջոցներին` այս տեսչական մարմինը համապատասխան ստուգումներ չի իրականացրել, անգամ գործունեության տարեկան ծրագիր չի ունեցել: Փոխարենը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՊ եզրակացությունից, այս կառույցի անդամներն ակտիվ են եղել գործուղումների մեկնելու հարցում, նաեւ առատորեն պարգեւատրվել են:
Օրինակ` տեսչական մարմնի ղեկավարի հրամաններով 2018 թվականի ընթացքում աշխատողների նկատմամբ կիրառվել են միանվագ դրամական խրախուսանքներ եւ պարգեւատրումներ: Մինչդեռ տվյալ ֆինանսական միջոցների կարգադրիչը հանդիսանում է ոչ թե տեսչական մարմինը, այլ Առողջապահության նախարարությունը: Բացի այս, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տեսչական մարմնի ղեկավարի եւ տեղակալների նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ կիրառում է ՀՀ վարչապետը` խորհրդի ներկայացմամբ: Վերջիններս, սակայն, խրախուսում ստացել են տեսչական մարմնի ղեկավարի հրամանով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում