ԱԳՆ-ն օգտվել է նախկին վարչապետի ծառայություններից. ճոխ քեֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների` ՀՀ ԱԳՆ առնվազն իր վերջին երկու մեծ միջոցառումները կազմակերպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում. mի ռեստորան, որը համարվում է Երեւանում ամենաթանկերից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս կապակցությամբ հարցում է ուղարկել ՀՀ ԱԳՆ նախարարություն` մասնավորապես գրելով. «ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը խոսել էր այն խնդրի մասին, որ ԶԼՄ 90 տոկոսը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Նրանք, օգտագործելով հիմնականում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները, փորձում են մոլորեցնել ժողովրդին` սուտ ու կեղծիք տարածելով տարբեր ԶԼՄ-ներով: Տարօրինակ կերպով ՀՀ պետական կառույցներն էլ նպաստում են, որ կոռուպցիոն սխեմաներով հարստացած նախկին պաշտոնյաները, մասնավորապես, 2018թ. օտարերկրյա միջամտություն հրահրած առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյանի բիզներսները բարգավաճեն, ընդ որում` մեր` հարկատուներիս հաշվին: ՀՀ ԱԳՆ-ն առնվազն իր վերջին երկու մեծ միջոցառումները կազմակերպել է հենց Կ. Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Խնդրում ենք հայտնել` ինչպես եւ ով է կայացնում նման որոշումներ ՀՀ ԱԳՆ-ում»:
Մեր հարցմանը պատասխանել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հայտնելով, որ մեր կողմից նշված ԱԳՆ միջոցառումների անցկացման վայրի ընտրության համար կատարվել է համապատասխան գնահարցում:

«Կայացված որոշումը պայմանավորված է ինչպես առաջարկված գնային պայմաններով, այնպես էլ ԱԳՆ կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան մատուցվելիք ծառայությունների, ինչպիսիք են, ի թիվս այլոց, մատուցվող ծառայության որակը, բազմամարդ միջոցառումներ ընդունելու հնարավորությունը, ներկայացուցչական որոշակի մակարդակի ապահովումը»,- մասնավորապես գրված է պատասխանում:
Ուսումնասիրելով նշված ռեստորանի մատուցած ծառայությունների գները` այն համեմատեցինք այլ ռեստորանների գների հետ, պարզեցինք` Ֆլորենսում ամեն ինչ շատ ավելի թանկ է: Ասել է թե` ԱԳՆ-ն ավելորդ ճոխություն է թույլ տալիս` աջակցելով նախկին իշխանությունների բիզնեսին. մի իշխանության, որը մերժվեց համաժողովրդական շարժման արդյունքում: Թեեւ նախարար Մնացականյանի դեպքում սա միանգամայն նորմալ է, քանի որ ինքն էլ նախկին իշխանության մաս է կազմել եւ շատ երկար ժամանակ:

Լուսինե Մինասյան




Լրահոս