Կառավարության ծրագիրը` հեղափոխության ու հակահեղափոխության արանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովը 88 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը: Միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին կողմ, այն էլ՝ այդ քվեարկությունը չանցավ առանց միջադեպի. 6 պատգամավորի քվեարկության կոճակները չէին աշխատում, եւ վերջիններս քվեարկեցին` ձեռք բարձրացնելով:

Ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին, ու սա ակնհայտ էր ի սկզբանե: Նրանք փորձում են իրենց ընդդիմադիր կերպարը պահել: Պատահական չէ, որ ԲՀԿ-ն հայտարարել է, թե սա հեղափոխական ծրագիր չէ, տնտեսական հեղափոխության չի բերի: Հետո կողմ քվեարկելու համար ԲՀԿ-ն այնպիսի նախապայման էր առաջադրել, որը հնարավոր չէր իրականացնել. նրանք կառավարության ծրագրում իրենց առաջարկներն էին ներկայացրել առանձին գլխի տեսքով` սպառնալով, որ դրանք անտեսվելու դեպքում դեմ կլինեն: Միաժամանակ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ անկախ դեմ քվեարկելուց` իրենք Փաշինյանի կողքին են, օգնելու են, որ կառավարության ծրագիրն իրագործվի:

Նկատենք, որ քննարկումները, հարց ու պատասխանները բավականին բուռն ընթացք ունեցան: Քննարկումների ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խմբակցությունները կառավարության ծրագրի հետ կապված իրենց ցանկություններն ու առաջարկները կարող են գրավոր ներկայացնել: Արդարության համար նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ընդամենը մի գեղեցիկ ժեստ էր ընդդիմությանը հետագայում ապացույց ունենալու, որ կառավարությունը ժողովրդավար է: Բայց, իհարկե, ակնհայտ, որ սա ձեւական բնույթ էր կրում, քանի որ առաջարկների ընդունումը իրենից կենթադրեր կառավարության ծրագրի ամբողջական վերանայում:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հենց Միրզոյանի հայտարարության օրն էլ ասաց, որ իրենք, իհարկե, առաջարկներ կներկայացնեն: Բայց, ըստ էության, ԲՀԿ-ն թերահավատորեն էր ընդունում Միրզոյանի առաջարկը: Աբովյանի խոսքից էլ պարզ դարձավ, որ իրենք չեն հավատում, թե իրենց առաջարկությունները որեւէ դեր կխաղան: Եւ, ըստ էության, այդպես էլ եղավ. 9 առաջարկներից եւ ոչ մեկը չընդունվեց: Ի տարբերություն ԲՀԿ-ի` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջարկության առաջին օրն էլ հայտարարեց, որ որեւէ առաջարկ չի ներկայացնելու, որովհետեւ անիմաստ է համարում: Մեզ հետ զրույցում ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ մտահոգիչ է այն, որ վարչապետը մինչ կառավարության ծրագիրը ԱԺ բերելը չի հանդիպել խմբակցություններին եւ չի լսել առաջարկներ: «Իշխանության մոտ ծավալապաշտական մոտեցում է. մենք շատ ենք, ուրեմն ճիշտ ենք»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Գորգիսյանը:

Երեկվա քննարկումները բավական բուռն էին, ու բանավեճը իշխանությունների եւ ԼՀԿ-ի միջեւ էր հիմնականում: Բանը հասավ նրան, որ եզրափակիչ ելույթում Փաշինյանն արդեն բավական կոշտ էր. «Չփորձե՛ք հանկարծ մյուս անգամ ինձ եւ իրենց (Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին- խմբ.) դնել նույն հարթության վրա: Ձեզ ու իրանց դրե՛ք նույն հարթության վրա, ոորվհետեւ դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում, մենք ո՞նց կարանք անձերի դեմ պայքարենք, արի գնանք փոխնախարարի պաշտոններ ստանանք, ներսից կամաց կառուցենք…Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել: Մի հատ դեմներդ ու կողքերդ նայե՛ք․որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ նստած: Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետեւ որտեղ ձեր քաղաքական բովանդակությունը առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղը ստեղծվում ա»:
Ամեն դեպքում Փաշինյանը հայտարարեց, որ սկսում է իր երկրորդ քայլարշավը դեպի տնտեսական հեղափոխություն: Նա կոչ արեց՝ ով քայլ ունի անելու, ինչպես թավշյա հեղափոխության օրերին, այսօր էլ թող քայլի իր հետ, այդ ճանապարհին գլխավերեւում լինելու է ՀՀ դրոշը:

Հ.Գ. Ի դեպ, նկատենք, որ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա. 4 հոգի բացակա էր եւ 4–ն էլ՝ ԲՀԿ-ից: ԱԺ չէին եկել Գագիկ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Մելքումյանն ու Դավիթ Մանուկյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս