Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը գրքեր նվիրեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվար 18, 2019, Երևան. Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ գիրք նվիրելու արարողություն՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի ևԳիրք նվիրելու միջազգային օրվա առթիվ:

Հատուկ միջոցառման ընթացքում ԳԱԿ-ը և Beeline-ը Հայաստանի ազգային գրադարանին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին, Երևան քաղաքի վարչական, ինչպես նաև Հայաստանի մարզային գրադարաններին (թվով 62 գրադարան) նվիրեցին «Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գրքի 100 օրինակ: Գրքերն առանձնահատուկ են նրանով, որ նկարազարդվել են երեխաների կողմից, ովքեր 2016-2017 թթ. մասնակցել են Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ ում իրականացվող «Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագրին:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կարևորելով Ամենայն Հայոց Բանաստեղծի 150-ամյակը և Գիրք նվիրելու միջազգային օրվա խորհուրդը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն այս քայլով կնպաստի հայ ընթերցողների առօրյան գեղեցկացնելուն՝ հնարավորություն ընձեռելով բոլորիս հարազատ թումանյանական ստեղծագործություններն ընթերցելու մանուկների հեղինակած գունագեղ նկարազարդումներով: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական նախաձեռնություններին շարունակական աջակցություն տրամադրելու համար», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Հանդիպում գրքի հետ» նախագիծը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ իրականացված ամենահաջողված նախագծերից է, և այսօր շատ հաճելի է, որ մեծագույն հայ հեղինակներից մեկի 150-ամյակին այս գրքերը մենք կարող ենք փոխանցել Հայաստանի գրադարաններին: Մենք միշտ ուրախ ենք և պատրաստ նպաստել մեր երեխաների ստեղծագործական և գեղագիտական զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:




Լրահոս