ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ` ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ստեղծված «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը, որն ունի 400 անդամ, տեւական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ է անում: Պատճառը հանքավայրի վրա 380 մլն դոլարի արգելանքն է, ինչի հետեւանքով հանքավայրը հնարավոր չէ վերաբացել:

Տեղեկացնենք, որ Թեղուտի հանքավայրը շահագործվել է ՎՏԲ բանկի 380 մլն դոլար վարկով: «Թեղուտ» ՓԲԸ-ն, Ալավերդու պղնձաձուլական գործարանը եւ «Վալլեքս»-ին պատկանող եւս մեկ հանքավայր գրավադրված են ռուսաստանյան ՎՏԲ բանկում: ՎՏԲ բանկը դադարեցրել էր վարկ տրամադրել «Վալլեքս»-ին վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով: Այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում եւս հանքարդյունաբերությամբ է զբաղվում:
Ի դեպ, Նորիկ Պետրոսյանը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին «Թեղուտ»-ի գործազուրկ դարձած աշխատողներին վստահեցրել էր, որ դեկտեմբերից հանքավայրը կսկսի վերաշահագործել: Անգամ նշվել էր, որ աշխատողները դեկտեմբերին կստանան աշխատանքի ընդունվելու վերաբերյալ ծանուցումներ: Սակայն նոր օպերատորի ոգեւորվածությունը կոտրվել է: Պատճառը «Կ-Արաստ» ընկերությունն է, որն ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի դիմել է դատարան եւ պահանջել վճարել ավելի քան 2 մլն դրամ պարտքը: Սա դեռ ամենը չէ:
«Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդամ Կարեն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ավելի քան 2 մլն դրամ պարտքի պատճառով դատարանը կալանք է դրել 380 մլն դոլար արժողությամբ հանքավայրի վրա: Եւ հենց այս դատական քաշքշուկների պատճառով ձգձգվում է Թեղուտի հանքավայրի վերաբացումը: «Բանն այն է, որ «Կ-Արաստ» ընկերությունը նախկինում ծառահատումներ է իրականացրել Թեղուտում, բայց «Թեղուտ» ՓԲԸ-ն չի վճարել այդ 2 մլն դրամը, եւ դրա համար դատարանը որոշել է կալանքի տակ դնել 380 մլն դոլարանոց հանքավայրը: Այդ կալանքի պատճառով ոչ մի գործողություն հնարավոր չի լինում իրականացնել: Հետեւաբար գործարարի հետ ռուսաստանյան ՎՏԲ բանկը եւս չի կարողանում վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Կարեն Միքայելյանը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն է՛լ, նոր օպերատորն է՛լ պատրաստակամ են վճարել այդ 2 մլն դրամ պարտքը: Սակայն դրան դեմ է «Կ-Արաստ» ընկերությունը, որը բացի գումարի բռնագանձումից պահանջում է լուծարել ընկերությունը: «Ավելին` պահանջում է, որպեսզի նախկին սեփականատերը (խոսքը Վալերի Մեժլումյանի մասին է) իրավունքներ ունենա ընկերության գույքը, տեխնիկան վաճառելու եւ ապա միայն այդ 2 մլն դրամը վճարել: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, «Կ-Արաստ» ընկերությունը կապ ունի «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադիր Վալերի Մեժլումյանի հետ»,- լրացրեց Կարեն Միքայելյանը: Բայց մյուս կողմից` նախաձեռնության անդամների այս հայտարարություններին «Վալլեքս» ընկերությունից արձագանքել են` պնդելով, որ կապ չունեն ե՛ւ «Կ-Արաստ»-ի, ե՛ւ դատական քաշքշուկների հետ: Եւ չնայած սրան` «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության անդամները նկատել են, թե ինչպես են դատական նիստերին փաստաբանները գնում «Վալլեքս»-ին պատկանող ծառայողական ավտոմեքենաներով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանում հայտնված «Թեղուտ» ընկերությունը խնդրի լուծման տարբերակ է գտել, եւ քանի որ «Կ-Արաստ» ընկերությունը հրաժարվում է գումարը վերցնել, «Թեղուտ» ՓԲԸ-ն այն փոխանցել է նոտարի դեպոզիտային հաշվին, որպեսզի այդ գումարը «Կ-Արաստ»-ը վերցնի:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է նախկին սեփականատերը փորձում հանքավայրի վերաբացման ճանապարհին արհեստական խորընդոտներ ստեղծել: Աբսուրդ է, որ այդ 2 մլն դրամի պատճառով լուծարման գնա ընկերությունը: Մենք պայքարում ենք, որ կալանքը հանվի «Թեղուտ» ՓԲԸ-ի վրայից, որպեսզի հնարավոր լինի վերագործարկել հանքավայրը: Հիմա 800 գործազուրկ դարձած քաղաքացի, շունչները պահած, սպասում են կալանքի հանվելուն: Մի կողմից` կառավարությունն ասում է` հանքավայրը չվերաբացելու պատճառը կալանքն է, մյուս կողմից` մենք պայքարում ենք կալանքը հանելու համար: Իսկ մարդիկ այստեղ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում, աշխատանք չունեն, վարկային պարտավորություններ ունեն, չեն կարողանում դրանք մարել: Աշխատելու տարիներին վարկ են վերցրել` 16 տոկոսով, եւ գործը թողնելուց հետո որ չեն կարողացել վճարել, բանկը 16 տոկոսը բարձրացրել է` դարձնելով 20 տոկոս. մենք դրա դեմ էլ պայքարեցինք, բանկի հետ բանակցեցինք, ճանապարհ փակեցինք ու հասանք 4 տոկոս նվազեցմանը մեր նախաձեռնության ջանքերի շնորհիվ»,- նկատեց Կարեն Միքայելյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վալլեքս»-ից, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԷՍ Ո՞Վ Է ԽՈՍՈՒՄ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Ազգային ժողովում երեկ մտահոգություն հնչեցրեց հուշարձանների պահպանության վերաբերյալ։ Ըստ վերջինիս` Գյումրիում տուրիզմի զարգացման հնարավորություններ կան, սակայն պատմական միջուկի պահպանության խնդիրը չի լուծվում: «Մենք 1700 հուշարձան ունենք բաց երկնքի տակ, բայց երկրաշարժից հետո ոչ մի աշխատանք չի արվել դրանց պահպանության համար: … Տուրիզմի մասին էլ խոսք չկա, խայտառակություն է. Գյումրին դուրս է մնացել տուրիստական շարքից, երբ երկրորդ քաղաքն է ու այդքան հուշարձան ունի»,-ասաց նա:
Միայն թե նկատենք, Գյումրու նախկին քաղաքապետն այսօր մտահոգություն է հայտնում այն պարագայում, երբ քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումը սկիզբ առավ հետերկրաշարժյան տարիներից, ու այդ գործընթացը բուռն զարգացում ստացավ հենց իր պաշտոնավարման օրոք: Հենց վերջինիս` քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին էլ Գյումրու պատմական միջուկի վերականգնման ու հուշարձանների պահպանության համար քայլեր գրեթե չեն ձեռնարկվել: Անընդհատ կանգնեցվել են նոր հուշարձաններ առանց հների պահպանության խնդիրը լուծելու:
«Երկրաշարժից հետո ինչ-ինչ պատճառներով խաթարվեց քաղաքի ամբողջական դիմագիծը: Սկսեցին կառուցապատել` անձնական ճաշակներով առաջնորդվելով, ոչ քաղաքի դիմագիծը հաշվի առնելով: Ամենամեծ աղետը վերաբերում է քանդակներին, որոնք տարերայնորեն տեղադրվեցին: Ավանդույթ էր ձեւավորվել, որ պիտի ամեն քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը մի հատ քանդակ տեղադրվի: Տարիներ շարունակ սա վատ սովորություն դարձավ: Մի կողմից` կարելի է ասել, որ քաղաքը լցվեց նոր հուշարձաններով, բայց մյուս կողմից` եթե հաշվի ենք առնում որակն ու բովանդակությունը ու ճարտարապետությունը, համապատասխանու՞մ են իրար, կարելի է ասել, որ ոչ մի քանդակ իր տեղում դրված չէ: Քանդակների տեղադրումն առավել բնորոշ էր 2000-ական թվականներին»,-ասաց արվեստագետ Արաքս Մարգարյանը:
Խնդիրն, իհարկե, օրհասական է, սակայն դա ո՛չ մեկ օրում, ո՛չ էլ մեկ ամսում է առաջացել: Տարիների ընթացքում եղած բացթողումն, իհարկե, մեկ օրում շտկել էլ չի լինի: Հին Գյումրին 180 աստիճանով շեղված է իր ճարտարապետական տեսքից, եւ դրա պատասխանատուն ՏԻՄ մարմիններն են: Այս պարագայում խոսել տուրիզմի զարգացումից արվեստագետները անտեղին են համարում:
Սամվել Բալասանյանն էլ Պատմական միջուկի վերականգնման սեփական ծրագիրն ունի: Նախատեսում է Վարդանանց հրապարակի ամբողջ տարածքը սալիկապատել: Վերականգնմանն էլ զուգահեռ շարունակվում է նոր արձանների ու քանդակների տեղադրումը: Ու քաղաքապետերից յուրաքանչյուրը դա անում է իր ճաշակով:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Երեկ ավտոմեքենա ներկրողները կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են վերացնել նվիրատվության հարկը:
Անցած տարվա ամռանը ուժի մեջ մտած օրենքով` երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Այսինքն` մեքենան նվիրատվություն ձեւակերպելուց հետո արժեքի 20 տոկոսը պետք է հարկվի: Ավտոներկրող Արսեն Խաչատրյանի խոսքերով` եթե մեկ մեքենայի վաճառքից իրենք ստանում են 200 դոլարի եկամուտ, ապա որպես հարկ վճարում են մոտ 600 դոլար:
Մինչդեռ նախկինում ավտոներկրողները հնարավորություն ունեին տարվա ընթացքում մեկ մեքենա վաճառել, իսկ մեկն էլ նվիրել, բայց դրա համար հարկ չմուծել: Ի դեպ, տեղեկացնենք, որ ներկրողները 20 տոկոս եկամտային հարկ վճարելու մասին ծանուցումներ են ստացել:

Ս. Հ.

 

 

ՎՍՏՐԵՉԻ ԱՊԵՐԻ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց քրեական հեղինակություն, Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով դատական ակտը: Ըստ այդմ, դադարեցվել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը, եւ քրեական գործը` կարճվել:
Նշենք, որ մինչ դատական նիստի սկսելը մեղադրյալի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր դատական նիստը անցկացնել դռնփակ, քանի որ քրեական գործով կան այնպիսի տվյալներ, որոնք վերաբերում են մեղադրյալի եւ տուժողի մասնավոր կյանքին: Արդյունքում գործը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Լուսինե Սահակյանի միջնորդությունը եւ դատական նիստը անցկացրեց դռնփակ` դահլիճից դուրս հրավիրելով լրագրողներին:
Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատարանի դահլիճից դուրս գալուց հետո տուժող Մամիկոն Բագրատունին դատավորին ասել է` եթե չկա լրագրող, ինքը չի ցանկանում մասնակցել: Ստացվում է` Մամիկոն Բագրատունու համար միեւնույն է, թե ինչ կհրապարակեն լրատվամիջոցները իր մասնավոր կյանքի մասին: Ինչեւէ, դատելով իրավիճակից` ըստ էության, նրա այս պնդումները անցան ապարդյուն, եւ դատական նիստը ընթացավ դռնփակ:

Ք. Մ.




Լրահոս