Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի․ նոր վտանգներ են ի հայտ եկել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բնապահպանները տեւական ժամանակ պայքարում էին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Պարզվում է, սակայն, այսօր, երբ հանքավայրի գործունեությունը դադարեցված է, բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն չեզոքացել, այլեւ նոր վտանգներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ըստ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության` ձմռան այս ամիսներին Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, բայց շրջափակման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել մակերեւութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները

: Նրանց պնդմամբ` այս աշխատանքները պետք է իրականցվեին մինչ ձյան տեղումները, մինչդեռ հանքավայրը շրջափակված է, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ, եւ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, թե շրջակա միջավայրի, ջրի եւ օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը: Կառավարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը, դեռ չեն արձագանքել «Լիդիան Արմենիային»:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում, քանի որ եզրակացությունը լինելու է հօգուտ իրենց: Մինչ այդ նկատենք, որ այս ընկերությունը 2018 թվականին, 2017-ի համեմատ, ավելի քան 3 մլրդ 132 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Եթե 2017թ. նրանք 16-րդ խոշոր հարկատուն էին, վճարել էին 7.8 մլրդ դրամ, ապա 2018 թ. նրանց վճարած հարկերը կազմել էին 4.7 մլրդ դրամ` խոշոր հարկատուների մեջ զբաղեցնելով 33-րդ տեղը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս