ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ովքեր պետք է պարտադիր գույքահարկ վճարեն: Ովքե՞ր (օրինակ` ժամկետային զինծառայողները) իրավունք ունեն օգտվելու բնակարանի համար վճարվող գույքահարկի արտոնությունից:
Հայկուհի Մխիթարյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի եւ շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով.
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող, նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Գույքահարկի նշված արտոնությունը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին: Միաժամանակ հայտնում ենք, որ գույքահարկ վճարող են համարվում ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը` բացառությամբ ՀՀ պետական մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքահարկը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: