«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Հայաստան այցելած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորները հանդիպել են ոչ միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին (ում հրավերով էլ ՀՀ-ում էին), այլեւ ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչներին:
Պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ նրանք ՀՀ-ում ազդեցիկ ուժեր են, դրա համար էլ ինքը ցանկացել է հանդիպել երկու կուսակցություններին: «Ես նրանց հետ շփվել եմ նաեւ նախկինում եւ իմ պարտքն եմ համարում շփվել նաեւ այժմ»: Կալաշնիկովը նաեւ չի թաքցրել, որ Ռուսաստանում Հայաստանում տիրող իրավիճակի մասին առկա են տարբեր տրամադրություններ: «ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետեւություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները եւ այդ պատճառով էլ եկել էինք», – նշեց նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում