ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը հրաժարական է տվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազատամուտում գյուղապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն այս տարվա հունիսի 9-ին: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Ժորա Մարտիրոսյանի ազատման պատճառը իր նկատմամբ հարուցված քրեական գործն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մասնագետները Ազատամուտի գյուղապետարանում ստուգումներ են անցկացրել: Ինչի արդյունքում արձանագրվել է բազմաթիվ չարաշահումներ: Ազատամուտցիների պատմելով` տարիներ շարունակ Մարտիրոսյանն իր ընտանիքի անդամներին գրանցել է տարբեր հաստիքներում եւ աշխատավարձ տվել։
Ազատամուտի բնակիչները մշտապես բարձրաձայնել են գյուղապետարանի բյուջեն անարդյունավետ ծախսելու մասին: Անգամ համայնքի ավագանու անդամները տեւական ժամանակ բոյկոտել են ավագանու նիստերը`պահանջելով Մարտիրոսյանի հրաժարականը:
Ի դեպ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով քրեական գործ հարուցվել է նաեւ Ազատամուտի կոմունալ ծառայության տնօրենի նկատմամբ: Այսինքն` հրշեջ-բանվորի հաստիքում ոչ ոք չի աշխատել, բայց դրա փոխարեն կոմունալ ծառայության պետն է աշխատավարձ ստացել։
Նշենք, որ Ժորա Մարտիրոսյանն այս պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: Իսկ հրաժարականի դիմումը ներկայացրել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին:
Ս.Հ.