ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ Հարություն Դարբինյանը 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել: Հետաքրքիր է` միտումնավոր է մոռացել է, թե ոչ: Տեղեկացնենք, որ նա նախկին պատգամավոր Արսեն Դարբինյանի որդին է` Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը:
Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի երկու հատ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն` հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, եւ երեք հատ «Mercedes-Benz G 500», «Mercedes-Benz S 430 L», «Honda fit 1.3» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ, ահա, դրամական միջոցները կազմել են 8.3 մլն դրամ, 17 հազար դոլար: Որպես եկամուտ Դարբինյանը հայտարարագրել է ստացված փոխառությունը` 2 մլն 140 հազար դրամի չափով, եւ աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 2 մլն 530 հազար դրամ:
Իսկ, ահա, տարեկան հայտարարագրում Դարբինյանի ունեցվածքի վերաբերյալ պատկերն այլ է: Պարզվում է` Դարբինյանը 2017 թվականին ավտոմեքենաների առուվաճառքով է զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին նա ձեռք է բերել 3 հատ ավտոմեքենա, որոնք էլ նույն տարում վաճառել է: Երկու ավտոմեքենա գնվել է յուրաքանչյուրը 1 մլն դրամով, երրորդը` 1 մլն 250 հազար դրամով, վաճառվել են երկուսը` 1 մլն դրամով, իսկ երրորդը` 1 մլն 135 հազար դրամով:
Նկատենք, որ այս պաշտոնյայի կնոջ` Թեհմինա Մելիքսեթյանի դրամական միջոցները կազմում են 4.2 մլն դրամ, 7500 դոլար: Եւ սա այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմել է 75 հազար դրամ: Հետեւաբար հայտնի չէ, թե ինչպես է կարողացել Դարբինյանի կինը 4.2 մլն դրամ եւ 7500 դոլար կուտակել նման աշխատավարձի դեպքում:
Բացի այս, պարզվում է, որ Դարբինյանը որպես պետական ծառայող դիմել է մատչելի բնակարաններով ապահովման ծրագրին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով` նախորդ տարվա ընթացքում հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնց փողոցի 4 եւ 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը, որում, ի դեպ, տեղ է զբաղեցնում նաեւ Հարություն Դարբինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Հարություն Դարբինյանի հետ զրուցեց նաեւ իր հայտարարագրի, դրամական միջոցների մասին: «Խնայողաբար եմ օգտագործում իմ ունեցվածքը: Աշխատում եմ երեխաներիս համար ինչ որ բան ստեղծել այդ խնայողությամբ: Իսկ ինչ վերաբերում է մեքենաներին, ապա նշեմ, որ դրանք ես ապառիկով եմ գնել եւ նկատել, որ ծախսատար են, ու վաճառել եմ: Ես սիրում եմ մեքենաներ. կարելի է ասել, որ իմ նախասիրությունն էլ մեքենաներն են: Հետո նկատեցի, որ թանկ հաճույք է դրանք պահելը, վաճառել եմ: Բայց դրամական միջոցները այնպես չէ, որ հիմա նույնն են մնացել, հակառակը, պակասել է: Բացի այդ, պապիկիցս ժառանգություն էի ստացել դրամական տեսքով, բայց դե կամաց-կամաց ծախսում եմ այն: Կարեւորը` առողջ լինենք, կաշխատենք»,- նկատեց Դարբինյանը:
Սյունէ Համբարձումյան