ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հայտարարում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի տեքստի մրցույթ: Այս մասին նա փետրվարի 20-ին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով: Մրցույթը կտեւի երկու ամիս, որից հետո իր կողմից ստեղծված աշխատանքային խումբը կընտրի հաղթողին:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ չի նախատեսվում իր կողմից ԱԺ օրակարգ մտցնել օրհներգի հաղթած տեքստը. «Այն կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, հայ ժողովրդի գլխում, հայ ժողովրդի համար, եւ երբ զգանք դրա ժամանակն է, մենք այդ թեմային նորից կանդրադառնանք»,-ասել է նա: Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Տեր Ասողիկ քահանան՝ Մայր Աթոռի կողմից, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախշյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Մրցույթի վերջնաժամկետն է ապրիլի 30-ը: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
-Պարո՛ն Միլիտոնյան, ինչպիսի՞ն պետք է լինի օրհներգի տեքստը, որպեսզի արժանանա Ձեր հավանությանը:
-Շատ մեծ որակներ են պետք՝ պատմականություն, ներդաշնակություն երաժշտական հնչեղության հետ, սիմվոլիկայի, որակական արժանիքների առկայություն, գրագետ շեշտադրության պահպանում: Բազում պահանջներ կան: Ով երբեւէ երգ գրել է, գիտի, թե այն ինչ բարդությունների հետ է կապված: Ոչ երանի այն մարդուն, որը պետք է գրիչ վերցնի ու օրհներգի տեքստ գրի: Ամեն դեպքում, այն համոզման եմ, որ օրհներգի պարագայում դոմինանտը եւ որոշիչը երաժշտությունն է:
–Ի՞նչ եք կարծում, արդյոք օրհներգը փոխելու թեման հրատա՞պ էր, որ պետք էր արդեն տեքստի մրցույթ հայտարարել:
– Դեռեւս 2006 թվականից այս հարցը Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արծարծվել է, բայց այնպես չէ, որ հենց վաղը պետք է հանրաքվե արվի: Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, որ չի նախատեսում ԱԺ օրակարգ մտցնել օրհներգի հաղթած տեքստը:
-Չե՞ք կարծում, որ օրհներգը փոխելուն պետք է գալ-հանգել, այդ գործընթացին պետք է հասնել էվոլյուցիոն ճանապարհով, բնականորեն:
-Այո, ես էլ եմ այդ կարծիքին: Որեւէ մեկը չի կարող գրչի մի հարվածով օրհներգը փոխելու մասին որոշում կայացնել: Նման հարցերը միանձնյա չեն որոշվում: Դրանք համապետական, համահայկական թեմաներ են, որոնք բազմաբնույթ քննարկումներ են պահանջում: 13-14 տարի այդ հարցը դրված է եղել: Տարիներ առաջ կազմված հանձնաժողովում էլ առկա էին վերճեր, տարակարծություններ, հիմա էլ վստահ եմ, որ տեքստի հետ կապված բանավեճեր կծավալվեն, ամեն բառի, ամեն տողի շուրջ դեռ պետք է համաձայնության գալ: Սա իսկապես բարդ փուլ է:
Հիշեցնենք, որ 2006 թվականին ստեղծվել էր հանձնաժողով, որը միաձայն քվեարկվել էր Արամ Խաչատրյանի երաժշտության` որպես օրհներգի երաժշտության լավագույն տարբերակի օգտին:
Հավելենք նաեւ, որ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ նշել էր. «ՀՀ-ում ավելի կարեւոր խնդիրներ կան, բնական է, դրանք լինելու են միշտ: Միշտ ունենալու ենք խնդիրներ, որոնք լինելու են է՛լ ավելի կարեւոր: Ինձ դիմում են մարդիկ տարբեր հարցերի շուրջ, եւ ես այդ հարցը բարձրացնում եմ, լինում են մարդիկ, որ մեկ այլ հարցով են դիմում, այդ հարցը եւս բարձրացնում եմ, այժմ կատարում եմ խոստումը եւ բարձրացնում եմ նաեւ օրհներգի հարցը»:
Նա հայտարարել էր, որ վերջին օրերին իրեն ամենաշատը հարվածել եւ քննադատել են ՀՅԴ ներկայացուցիչները, քանի որ իրենց համար ներկայիս օրհներգը նաեւ կապ է իրենց կուսակցության եւ Հայաստանի միջեւ:
Աննա Բաբաջանյան