ՀԱՐՑ․ Ես բանկում իմ անունով ավանդ ունեմ դրված: Ունեմ հիվանդություններ. լեյկոզով հիվանդ եմ, գլխիս մեջ ուռուցք կա: Խնդրում եմ ասել` կարող եմ ստանալ իմ գումարը: Նշեմ, որ Արյունաբանական կենտրոնում գրանցված հիվանդ եմ: Խնդրում եմ որեւէ կերպ օգնել:
Գոհարիկ Խաչատրյան (Գեղարքունիքի մարզ, Վարդենիկ համայնք)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Համաձայն «Հայատանի Հանրապետության 2019թ․ պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի եւ կառավարության 23․04․2014թ․ N460-Ն որոշմամբ հաստատված կարգի` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բնակում մինչեւ 1993թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն`
1. մինչեւ 1934թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
3. ՀՀ կառավարության 2014թ․ դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014թ․ օգոտոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
4. ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Այդ սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով:
Ավանդատուի` ՀՀ նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած` կատարմամբ` վճարմամբ կամ ավանդատուի մահով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա․ Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Չնայած խմբագրություն դիմած քաղաքացու խնդրանքներին` միեւնույնն է, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ոչինչ չասող պատասխան: Ցավալի է, որ նույնիսկ նման ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացիների համար չկան ընդառաջումներ եւ մարդկային փոխզիջումներ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: