Ինչ կապ ունի Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի` քաղաքացիությունից զրկվելու հետ. «մահափորձից» 19 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում 2020թ. սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ իրավիճակը գնալով թեժանում է: Մասնավորապես, երեկ պարզ դարձավ՝ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն է հայտնել, տարիներ առաջ զրկվել է այդ երկրի քաղաքացիությունից եւ այդ մասին իմացել միայն մի քանի օր առաջ: Սակայն իրականում այս պատմությունը խորը արմատներ ունի:

Նախ նշենք, որ մոտավորապես մեկ ամիս է, ինչ Սամվել Բաբայանը հայտնել է Արցախում կայանալիք ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, եւ այստեղ խնդիր է առաջացել, եւ վերջինս ցանկանում էր այդ առնչությամբ սահմանադրական փոփոխություններ կատարել:

Ըստ Ղարաբաղի Սահմանադրության` նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Ղարաբաղում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Եվ, ահա, դեռ փետրվարի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Ներսիսյանին եւ հետեւյալ հարցն ուղարկել. «Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը համապատասխանո՞ւմ է ԱՀ սահամանադրությամբ նախանշված ԱՀ նախագահ ընտրվելու պայմաններին»:

Մինչ օրս, սակայն, ԱՀ ոստիկանության կողմից որեւէ պաշտոնական պատասխան չի ստացվել, եւ բոլոր փորձերն այդպիսի պատասխան ստանալու ապարդյուն են անցել: Ղարաբաղի իշխանությունները որոշել են արհամարհել հայաստանյան լրատվամիջոցի հարցումները:
Եվ, ահա, հարցումից եւ հարցման պատասխանը ստանալ փորձելուց մոտ 20 օր անց պարզ է դառնում, որ իրականում տարիներ առաջ Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին պարզապես զրկել են քաղաքացիությունից, եւ չի բացառվում, որ այդ ամենը քաղաքական երանգներ ունենա:

Սակայն այս ամենից զատ հետաքրքիր են նաեւ իրավական կարգավորումները: Նախ` նշենք, որ Արցախը չունի քաղաքացիության մասին օրենք, եւ, ըստ էության, այնտեղ բոլոր մարդիկ նաեւ ՀՀ քաղաքացիներ են: Իսկ 2006 թվականին ընդունված Արցախի Սահմանադրությունում ասվում է.

«Արցախի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է», «Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Արցախի Հանրապետության քաղաքացի է, ունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք», «Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից»: Իսկ, ահա, հոդված 93-ի 23-րդ կետում, որ սահմանում է հանրապետության նախագահի լիազորությունները, ասվում է. «նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը»:

Բանն այն է, որ Սամվել Բաբայանին, որը ԼՂ հերոս է, Ղարաբաղի քաղաքացիությունից զրկել են 13 տարի առաջ` դեռեւս 2006 թվականին, իսկ այդ ժամանակ Արցախի նախագահը Արկադի Ղուկասյանն էր: Նրա հետ կապված հակասությունները հայտնի են ամենքին: Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տարիներ առաջ` 2000 թվականին, մեղադրվում էր նրա դեմ մահափորձ կազմակերպելու համար, դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, բայց 4.5 տարի բանտում անցկացնելուց հետո ներման էր արժանացել ու 2004թ. ազատ արձակվել: Եվ, ահա, այդ դեպքերից 19 տարի անց պարզվում է, որ հենց Ղուկասյանի օրոք Բաբայանը ներման արժանանալուց եւ ազատ արձակվելուց երկու տարի հետո զրկվել է Ղարաբաղի քաղաքացիությունից:

Եվ հիմա շատերը հետաքրքրվում են, թե ինչպես կարող է մարդը 13 տարի շարունակ չիմանալ, որ զրկվել է քաղաքացիությունից: Այս դիտարկման առնչությամբ Սամվել Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Եթե մարդը հատուկ դիմում չի գրում, որեւիցէ պատճառ չի եղել: Մարդուն քաղաքացիությունից զրկում են. ո՞նց կարող են զրկել, եթե Սահմանադրությամբ դա արգելափակված է», – նկատեց Բաբայանը` ընդգծելով, որ Արցախը, որպես այդպիսին, քաղաքացիություն չունի, կա ՀՀ քաղաքացի, եւ բոլորի անձնագրերը նույնն են:

«Բայց իրենք վերցրել են, իրենց կոմպյուտերից անուն-ազգանունը ջնջել են, քաղաքացի չես: Քաղաքացիությունն այլ է, հաշվառումն այլ: Սահմանադրությունում չեն ասում, թե դու որտեղ ես հաշվառված», – հավելեց Բաբայանը:
Նշենք, որ այդ մասին տեղեկանալուց հետո Բաբայանը դիմել է համապատասխան մարմիններին իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով, եւ Արցախի ոստիկանության կողմից պարզաբանում է տարածվել, որ, օրենքով սահմանված կարգով, տվյալ անձի դիմումը կվերանայվի:

«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը` հաշվի առնելով, թե ով է եղել այդ ժամանակ Արցախի նախագահ` կարող ենք այս ամենը քաղաքական հետապնդում համարել կամ նման ենթատեքստ տալ, Բաբայանը նշեց. «Ես փորձում եմ այդ հարցը լուծել նորմալ, օրենքի շրջանակներում: Եթե շարունակեն պնդել իրենց դիրքորոշումը, իհարկե, քաղաքական կհամարենք: Մենք գրավոր դիմել ենք, որ պարզաբանեն, թե ինչ հիմքով են նման քայլի գնացել: Կպարզաբանեն, կհասկանանք` քաղաքական է, թե քաղաքական չէ»:

Անդրադառնալով Արկադի Ղուկասյանի` այդ ժամանակ նախագահ լինելուն` Բաբայանը նշեց. «Ինձ չի հետաքրքրում, թե ով է եղել այդ ժամանակ նախագահ, ինչ է եղել: Ինձ հետաքրքրում է պաշտոնական պատասխանը. եթե այն չբավարարի, արդեն դատարանը կպարզի»:
Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, որը, լսելով Սամվել Բաբայանի անունը, չցանկացավ նրա հետ կապված որեւէ հարցի պատասխանել: «Դա ինձ չի հետաքրքրում: Ես ո՛չ որեւէ կապ ունեմ, ո՛չ որեւէ գաղափար ունեմ», – նշեց Ղուկասյանը` չցանկանալով որեւէ այլ հարցի պատասխանել:

Հավելենք նաեւ, որ բացի այս ամենից Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը ցանկանում էր փոփոխություններ իրականացնել վերջին տասը տարում մշտական բնակության վերաբերյալ սահմանադրական դրույթում, ինչը թույլ կտա իրեն առաջադրվել նախագահի թեկնածու: Սակայն Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին ստորագրահավաք իրականացնելու կարգ է մշակել, որի համաձայն, օրինակ, Ստեփանակերտում գրանցված եւ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն անձամբ պետք է ներկայանան քաղաքապետարան եւ տան իրենց ստորագրությունը, ընդ որում` այդ գործընթացի համար 45 օր է սահմանված: Սամվել Բաբայանը, սակայն, այս որոշումը ծիծաղելի է որակել:

Ինչեւէ, այս ամենից զատ շատ կարեւոր է պաշտոնական հիմնավորումները, թե ինչու եւ ինչ իրավական հիմքով է Սամվել Բաբայանը զրկվել քաղաքացիությունից, այլապես իսկապես այս ամենին կարող է տրվել քաղաքական երանգ:
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություն տալուց:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս