ԱԺ Պաշտպանության հանձնաժողովը լսումներ է կազմակերպելու Արցախը բանակցային սեղան բերելու հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ է կազմակերպելու:
Դեռ մայիսի 9-ին` Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, այն ժամանակ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի կարեւոր հստակեցում կատարեց Արցախի հարցի լուծման եւ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Փաշինյանն, ըստ էության, նոր մոտեցումներ է փորձում ձեւավորել արցախյան հարցի լուծման գործընթացում:

Վարչապետը լրագրողների հետ զրույցում առաջ քաշեց մի քանի կարեւոր կետ, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են խնդրի լուծման համար: Նա նախ եւ առաջ նշեց, որ Արցախի հարցում փոխզիջում կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը պատրաստ լինի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հենց այդ ժամանակ նորընտիր վարչապետը նշեց, որ Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին:

«Ինչպե՞ս կարող են երկու սուբյեկտներ քննարկել երրորդ սուբյեկտի ճակատագրին վերաբերող հարցն այդ սուբյեկտի բացակայության պայմաններում: Սա պարզ տրամաբանություն է», – ասաց վարչապետը:

«Արցախյան խնդրի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային կազմակերպությունները համագործակցեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ: Նրանք պետք է սկսեն համագործակցել Արցախի քաղհասարակության հետ, որովհետեւ առանց այդ երկխոսության հնարավոր չէ հասկանալ Ղարաբաղի խնդրի էությունը»,- նշեց վարչապետը: Այս ասուլիսից հետո բուռն խոսակցություններ սկսեցին այս մասով: Ըստ էության, վարչապետի այս դիրքորոշումը պաշտպանեց նաեւ Արցախի Հանրապետությունը:

Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բազմիցս խոսել է այս մասին եւ նշել, որ Արցախը եւս աշխատելու է այս հարցի ուղղությամբ: Հիմա կարծիքներ են հնչում, որ իշխանությունների կողմից որեւէ քայլ չի արվում այս ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է Արցախը բանակցային սեղան բերելու հետ կապված լսումներ իրականացնել Երեւանում: Ընդ որում՝ լսումներին ներկա են գտնվելու նաեւ պաշտոնյաներ, պատգամավորներ Արցախից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունը ճշտել Անդրանիկ Քոչարյանից: Վերջինս մեր տեղեկություններին պատասխանեց՝ «no comment»: Հարցրինք. «Հերքո՞ւմ եք, որ նման բան է լինելու»: Ի պատասխան` Քոչարյանն ասաց.

«Ամեն ինչ մտածվում է` մեր երկրի շահերից ելնելով եւ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ամրացնելու համար: Ամեն բան այդ ուղղությամբ արվում է»:

Հարցրինք. «Ովքե՞ր են ներկա գտնվելու լսումների ժամանակ»: Քոչարյանն ասաց. «Այդ լսումները դեռ չկան, բայց ներկա կլինեն բոլոր այն մարդիկ, որոնց որոշումները կուժեղացնեն բոլոր այդ հարցերը»:

Լուսինե Մինասյան




Լրահոս