Ինչ վախեր է ունեցել Սամվել Մայրապետյանը` Արմավիրի բանտ մտնելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ինչպես հայտնի դարձավ, կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է:
Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը ասել էր, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաեւ երկրորդ եւ երրորդ փուլը. վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի:

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Տեւական ժամանակ էր, ինչ վերջինիս պաշտպանը պայքարում էր, որ նրան ազատեն կալանքից, քանի որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի եւ պետք է վիրահատվի Գերմանիայում:

Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին, իսկ, ահա, հունվարի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր Սամվել Մայրապետյանի անձնագիրը, բայց թույլ չէր տվել նրան հեռանալ երկրից:

Մայրապետյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից հնարավորություն տալ իրենց պաշտպանյալին մեկնել Գերմանիա անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը եւ առողջությունը վտանգված են:

Հունվարի 17-ին ՄԻԵԴ–ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել Մայրապետյանի գործով եւ ՀՀ իշխանություններին հորդորել անհետաձգելի կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն` համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների:

Այս իրավիճակում առավել ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ մինչ իրավապահ համակարգը կռիվ էր տալիս Սամվել Մայրապետյանին չազատելու համար, իսկ պաշտպանները դիմում էին ՄԻԵԴ, Սամվել Մայրապետյանը, կալանավայրում գտնվելով, ներքին անհանգստության եւ վախի մեջ է եղել:

Այսպիսով, հոկտեմբերի 9-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը բավարարեց նախաքննական մարմննի միջնորդությունը, եւ գործարար Սամվել Մայրապետյանը կալանավորվեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո որոշում է կայացվում, որ Մայրապետյանը իր նախնական կալանքը պետք է կրի «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում:

Արդյունքում, մեզ հասած տեղեկություններիհամաձայն, Սամվել Մայրապետյանը ներքին անհանգստություն է ունեցել, որ գաղութում իրեն միգուցե վտանգներ սպառնան: Շուրջ երկու ամսից ավելի գտնվելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` նա իր մտերիմ մարդկանց, ինչպես նաեւ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանցից մեկին իր ներքին անհանգստության մասին ասել է: Մասնավորապես, նա հայտնել է. «Երբ դատարանը հրապարակեց որոշումը, որ ինձ պետք է կալանավորեն, ես ընկա ներքին ապրումների մեջ, որ գաղութի կյանքը այլ կյանք է, եւ ինձ վտանգներ են սպառնում, որ այնտեղ կան մարդիկ, որոնք միգուցե ինձ ներքաշեն թղթախաղի մեջ, կամ հաշվի առնեն, որ ես գործարար մարդ եմ եղել, ինձանից իմ կյանքի անվտանգության դիմաց գումարներ ուզեն:

Բայց ամիսներ շարունակ մնալով այնտեղ` իմ ներքին վախը մեղմացավ, քանի որ ինձ թղթախաղի մեջ չեն ներաքշել, ինձանից իմ կյանքի դիմաց գումար չեն ուզել, ինչի համար ներսումս գտնվող վախը, վտանգը չեզոքացավ, որ նման տեսարանների գոնե ականատես չեղա, չնայած գտնվում էի անազատության մեջ»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնեց. «Ես լսել եմ` տեւական ժամանակ է, ինչ թղթախաղ ասվածը կտրված է քրեակատարողական հիմնարկներից. առաջինը` դա, այսինքն` այդ երեւույթը, չկա, ու էլի այլ բացասական երեւույթներ կան, որ արդեն լրանում է մեկ տարին հեղափոխության, ոնցոր թե այդ բաները, երեւույթները նվազագույնին են հասցրել: Ես էլ անձամբ, որ մտել եմ, դուրս եմ եկել քրեակատարողական հիմնարկներ այս ընթացքում, շատ-շատ դրական փոփոխություններ եմ նկատել, տեսել: Իսկ այն, ինչ Դուք եք հայտնում, չեմ կարծում, որ նման բան է եղել, չկա նման բան:

Այդ ընթացքում, Դուք գիտեք` իր տեսակցություններն էլ են արգելված եղել. ինչքան հանդիպել եմ, ես եմ հանդիպել, ՄԻՊ-ից են հանդիպել իրեն, ու ինչքան տեսել եմ, ամեն անգամ առույգ, զվարթ վիճակում եմ տեսել, այնպես որ, միանշանակ հերքում եմ»:

Քնար Մանուկյան




Լրահոս