Տարիներ շարունակ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի ճակատագիրը չարչրկելը հիմարություն է. Դավիթ Մաթևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում, ոչ միայն կառուցված չէ, այլեւ դրա ճակատագիրն այսօր անորոշ է: 2020 թվականին կնշվի մեծ գրողի 85-րդ հոբելյանը, բայց, ինչպես երեւում է, կառավարության անդամները Մաթեւոսյան մեջբերելուց եւ հոբելյանական օրերին հրապարակավ ընթերցանություն կազմակերպելուց զատ գործնական քայլերի չեն դիմում:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով կենտրոնի վերնահարկի կառուցման հարցը չի ներառվել 2019 թվականի պետական բյուջեում: Փորձագիտական եզրակացությունը հիմնավորելու էր 3-րդ հարկի կառուցման անհրաժեշտությունը, որի ապացույցը նախագծով տրվել էր: Բյուջեն կազմում է 55 մլն դրամ։ Այսօր կենտրոն-թանգարանի շենքը չունի հստակ կարգավիճակ. պարզ չէ՝ այն հիմնադրամ է, ՀՈԱԿ, թե ՊՈԱԿ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն, Հրանտ Մաթեւոսյանի որդի Դավիթ Մաթեւոսյանի հետ:

-Պարո՛ն Մաթեւոսյան, կառավարության ներկայիս անդամների կողմից հավաստիացումներ ստացե՞լ եք, որ երբեւէ նախատեսված աշխատանքները կմոտենան իրենց ավարտին:

-Պաշտոնապես հավաստիացումներ չեմ ստացել: Ոչ պաշտոնական ձեւաչափով ինչ-որ խոսքեր, մտադրություններ լսել եմ, բայց դա չի կարող հստակ քայլ համարվել: Դե ֆակտո կառավարությունն իր ստանձնածին տեր չի կանգնում, խնդրի լուծման տարբերակներ չի առաջարկում: Այս պարագայում գոնե պետք է վերջակետ դրվեր, ասեին, որ հրաժարվում են կենտրոն-թանգարանի հետ կապված հետագա աշխատանքներից: Այդ դեպքում մեզ համար ամեն բան շատ ավելի հստակ կլիներ: Բայց նույնիսկ մերժման վերաբերյալ պատասխան չունենք. անորոշության մեջ ենք:

– 2020 թվականին նշելու ենք Հրանտ Մաթեւոսյանի 85-րդ հոբելյանը: Կառավարության անդամները թերեւս պետք է մտածեն գրողին մեծարել գործնականում՝ ավարտին հասցնելով կենտրոն-թանգարանի կառուցման, ներքին կահավորման, մշակութային համապատասխան միջավայրի ձեւավորման աշխատանքները:

-Մաթեւոսյանի ժառանգությունը մեծ գանձ է, որի տիրապետումը եւ ընկալումը պատվաբեր է պետության եւ հանրության համար, ուստի տարիներ շարունակ շենքի ճակատագիրը չարչրկելը հիմարություն է: Տարբեր կառավարություններ տարբեր հավաստիացումներ էին անում՝ մե՛կ նախագիծն էին անում, ասում էին շուտով շինարարությունը կսկսենք, հետո, երբ սկսում էին, կանխատեսում էին, թե երբ շենքը պատրաստ կլինի: Այն ծավալով աշխատանքները, որոնք ի սկզբանե նախատեսված էին, կարող էին տեւել 2-2,5 տարի, բայց ոչ մի դեպքում նորմալ ծավալներով աշխատանք չտարվեց:

Ես համարում եմ, որ սա նաեւ ոչ գիտակից հասարակություն ունենալու հետեւանք է: Չնայած Մաթեւոսյանին արժեւորողների ջանքերին՝ հանրությունը պրակտիկ կերպով ռեալ արժեւորման պատրաստ չէ:
Նշենք, որ Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վերնամասում գտնվող կենտրոնը կարող է դառնալ մայրաքաղաքի կարեւոր մշակութային այցեքարտերից մեկը՝ այցելուներին ամբողջությամբ փոխանցելով մաթեւոսյանական միջավայրը:

Դավիթ Մաթեւոսյանը պատմում է, որ ի սկզբանե իրենք հրաժարվել են տուն-թանգարանի գաղափարից, փոխարենը մտադիր են ստեղծել մշակութային կենտրոն-թանգարան Մաթեւոսյանի ստեղծած գրական ժառանգությունը այցելուներին հնարավորինս կենդանի ու ժամանակակից աշխարհի զարգացումներին համահունչ ներկայացնելու համար: «Եթե մենք խոսում ենք Մաթեւոսյանի ստեղծած գրական, հասարակական-մշակութային ժառանգության մասին, պետք է մտածենք, թե այդ ժառանգությունը ինչպես անընդհատ վերարծարծելով՝ մատուցենք հանրությանը, հայաստանցիներին, օտարներին, իսկ դրա համար աշխատանք է պետք եւ միջավայր»-ասել է պարոն Մաթեւոսյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս