ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արշավ լրատվամիջոցների դե՞մ, թե՞ բյուջե լցնելու միջոց. Երևանի քաղաքապետարանը գործի է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուզանդի 1/3 շենքում տեղակայված մի քանի գրասենյակների ներկայացուցիչների համար օրը սկսվել է Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված ծանուցումներով: Մասնավորապես, մի քանի ՍՊԸ-ների ներկայացուցիչներ ծանուցումներ են ստացել` մեկ ամիս անց հնգօրյա ժամկետում իրենց անհատույց կերպով տրված տարածքներն ազատել: Ընդ որում, խոսքը հիմնականում լրատվամիջոցների մասին է:

ArmLur.am-ի հետ զրույցում այսպիսի ծանուցումը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը համարում է արշավ լրատվամիջոցների դեմ: Նրա խոսքով, լրատվական գործակալություն իրականացնող ՍՊԸ-ի եւ Երևանի քաղաքապետարանի կողմից կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է միայն դեկտեմբերին և փաստացի 10 ամիս առաջ քաղաքապետարանը որոշել է խզել պայմանագիրը:

Երևանի քաղաքապետարանի կողմից նույնաբովանդակ ծանուցում է ստացել նաև «Անդին» գրական մշակութային ամսագրի ղեկավարությունը: Երիտասարդական ամսագրի  խմբագիր Անի Տեր-Գուլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում անակնկալ որակեց նման ծանուցում ստանալը: Ինչ վերաբերում է գրասենյակն արդեն վարձակալությամբ ստանալու քաղաքապետարանի առաջարկին, ապա գլխավոր խմբագիրը նկատեց, թե գրական ամսագիրն այդպիսի միջոցներ չի կարող ունենալ:

Իսկ «Մելտեքս» ՍՊԸ-ի պայմանագիրը, որին պատկանում է A1plus հեռուստաընկերությունը, ավարտվել էր դեռևս 2018 թվականին եւ ընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը դիմել է քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչպես կարող են շարունակել գործունեությունը: Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում նա նկատեց, թե մինչ օրս պատասխան չի եղել, եւ դրա փոխարեն փետրվարի 7-ին ստացել են տարածքն ազատելու մասին ծանուցագիր:

Լրատվամիջոցների ղեկավարները որոշել են համատեղ քննարկում ունենալ` որոշելու հետագա քայլերը: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ  Հակոբ Կարապետյանին: Վերջինս ավելի ուշ պարզաբանում ներկայացրեց:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս