Որ խմբակցությունները կմասնակցեն մարտի 1-ի երթին. կլինի քաղաքական հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որի օրակարգային հարցերից մեկն էլ մարտի 1-ին կայանալիք երթի հետ կապված է եղել: Ըստ մեր տեղեկությունների` նիստը բավականին ակտիվ է անցել, ներկա պատգամավորներն անկաշկանդ քննարկումներ են անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ելույթ է ունեցել «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է գումարտակի շտաբի պետ, ու որը հետագայում պաշտոնանկ էր արվել ժողովրդի դեմ հրաման չկատարելու պատճառով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե քննարկումները կշարունակվեն նաեւ այսօր, որովհետեւ ամեն բան չէ, որ որոշվել է։ Բայց, ըստ էության, բացի խաղաղ երթից որեւէ այլ բան չի ծրագրվել։
Տեղեկացանք նաեւ, որ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է մարտի 1-ի մասով քաղաքական հայտարարություն տարածել։ Ըստ մեր աղբյուրների` խմբակցությունը դիմելու է խորհրդարանական մյուս երկու խմբակցություններին` հորդորելով մասնակցել երթին։

ՈՒ եթե անկեղծ, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, եթե խորհրդարանական երեք խմբակցություններն էլ մասնակցեին այդ երթին. ոչ իշխանական երկու խմբակցություններից միայն ԲՀԿ-ն է պատրաստակամություն հայտարարել, իսկ ԼՀԿ-ն դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը: Արտախորհրդարանական ուժերից էլ միայն ՀԱԿ-ն է կոչ արել ամենաակտիվ կերպով մասնակցել երթին:




Լրահոս