ԵՊՀ ռեկտորը կհեռանա՞. ի՞նչ կորոշի հոգաբարձուների խորհուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրավիրվել է Երեւանի պետական համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` Երեւանի պետական համալսարանի հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Անցած շաբաթ ոստիկանությունը հայտնեց ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների մասին: Ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է, թե իշխանությունների կողմից քաղաքական հետպանդման է ենթարկվում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին` տարբեր ամիսների, փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Սրա հետեւանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18 միլիոն դրամը հափշտակվել է: Բացահայտվել է նաեւ մեծ չափերի կաշառք վերցնելու դեպք: Մինչ այդ նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ԵՊՀ ուսանողները իրենց բողոքի ալիքը բարձրացրին` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Ուսանողները բարձրաձայնում էին նաեւ վերջին տարիներին տեղի ունեցած չարաշահումների մասին։ Սակայն այդ օրերին ռեկտորի առողջական վիճակը վատացավ, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ուսանողները դադարեցրին բողոքի ցույցերը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ հիմա ինքը միտք չունի հրաժարական տալու: «Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու, որովհետեւ այդ մեղադրանքերը կեղծ են եւ հնարովի»,-ասաց նա: Սակայն այսօր ռեկտորի մոտ կարծես տրամադրություններ են փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նիստում նման օրակարգ ձեւավորվել է անդամների տրամադրությունների արդյունքում: Եւ, ըստ էության, եթե հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը վստահ չլիներ, որ խորհրդի գոնե 51 տոկոսը կողմ է լինելու ռեկտորի լիազորությունների դադարեցմանը, նման օրակարգով նիստ չէր հրավիրի: Մեր տեղեկություններով` հոգաբարձուների խորհուրդը տիրապետում է ԵՊՀ-ում տեղի ունեցող որոշ հետազոտությունների արդյունքների, եւ նախագահը նիստի ժամանակ հիմքեր է ներկայացնելու, թե ինչու պիտի դադարեցվեն ռեկտորի լիազորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Արամ Սիմոնյանի հետ, սակայն նշենք, որ վերջինս առանց հստակ պատասխաններ տալու անջատեց հեռախոսը:

-Պարո՛ն Սիմոնյան, տեղի է ունենալու հոգաբարձուների խորհրդի նիստ` Ձեր լիազարությունները դադարացնելու հետ կապված: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որեւէ բան ասել:

-Ամեն դեպքում, ի՞նչ տրամադրություններ եք նկատում: Ի՞նչ կլինի:

-Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվեն, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, եւ դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի:

-Հնարավո՞ր է` Դուք ինքնակամ հեռանաք` հաշվի առնելով այս տրամադրությունները:

-Դա բացառվում է:

-Եթե դադարեցվեն Ձեր լիազորությունները, կբողոքարկե՞ք:

-Ես ասում եմ` չեմ ուզում պատասխանել Ձեր հարցերին: Չեմ կարող ասել:

-Կբողաքարկե՞ք, պարո՛ն Սիմոնյան: Ինչո՞ւ չեք կարող ասել:

-Չեմ կարող ասել: Ցտեսություն:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանի հետ:

-Պարո՛ն Իսրայելյան, ինչ-որ տրամադրություններ է նկատե՞լ նախագահը, որ նիստ է հրավիրել նման օրակարգով:

-Տրամադրություններ չ, ուղղակի հերթական նիստն է: Որոշվեց, որ ամեն ամիս պետք է նիստ լինի: Մենք խորհրդում հանդիպումներ ենք ունեցել զուտ ծանոթանալու համար իրար հետ:

-Նիստը ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հետ կապված է լինելու: Ըստ Ձեզ` ի՞նչ կլինի նիստի ժամանակ:

-Այո: Նիստը ընդամենը մեկ օրակարգային հարց ունի: Ես չեմ կարող իմանալ` ինչ կլինի:

-Բոլոր անդամները մի՞ կարծիքի են միտված, թե՞ տարակածություն կա:

-Չեմ կարող ասել, թե բոլոր անդամները ինչ կարծիքի են միտված: Ես էլ բոլորին շատ լավ չգիտեմ: Չեմ կարող բոլորի փոխարեն խոսել:

-Պարո՛ն Հարությունյանը, ըստ էության, ասաց, որ չի պատկերացնում ռեկտորի պաշտոնավարումը 100-ամյակին: Այս առումով իշխանության դերակատարումը կա՞, որ նման օրակարգ է ձեւավորվել:

-Ոչ: Դուք լսել եք պարոն Հարությունյանի ելույթը, եւ ինքներդ եզրակացություններ արեք:

-Արամ Սիմոնյանը ասում է, որ այս քայլերը նրան քաղաքական հետապնդում են հիշեցնում: Ի՞նչ կասեք այս մասով:

-Չեմ կարող մեկաբանել, կներեք: Ամեն դեպքում, ես քաղաքական հետապնդում չեմ տեսնում:

-Քվեարկությունը փա՞կ է լինելու:

-Դա էլ նիստի ժամանակ պարզ կդառնա:

Լուսինե Մինասյան




Լրահոս