Դա քո որոշումն է. Բակո Սահակյանը` Դավիթ Բաբայանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Դուք հայտարարեցիք, որ կուսակցություն եք բացելու: Երկար տարիներ է` Դուք լուրջ դերակատարում ունեք Արցախի քաղաքական կյանքում: Ինչո՞ւ հիմա որոշեցիք կուսակցություն բացել, եւ, ի վերջո, Արցախում քաղաքական կյանքը եռում է այնպես, որ կարիք կա նոր կուսակցությա՞ն:

-Կարծում եմ` անհրաժեշտություն կար: Նախ եւ առաջ, Դուք գիտեք, որ Արցախը մտնում է նոր փուլ, եւ 2020 թվականին լինելու են նոր ընտրություններ, որից հետո նոր ԱԺ է ձեւավորվելու եւ նոր նախագահ է լինելու: Այս ամենի ներքո մեր համախոհներով կարեւորում ենք մեր տեսլականը Արցախի վերաբերյալ, ներքին, արտաքին քաղաքականության մենք ունենք մեր մոտեցումները: Ուզում ենք շարունակել օգտակար լինել մեր երկրին, ծառայել մեր հայրենիքին քաղաքական դաշտում եւ պետականաշինության մեջ: Իսկ դրա լավագույն տարբերակներից մեկը հենց Ազգային ժողովում ներկայացված լինելն է, ինչը, կարծում եմ, բնական է, մանավանդ որ նոր իրավիճակ է, նոր պայմաններ են:

Հարգելով այն բոլոր ձեռքբերումները, որոնք եղել են այս երեք տասնամյակների ընթացքում` սկսած շարժումից, պատերազամում հաղթանակ եւ, ընդհանրապես, ամեն-ամեն ինչ, ինչը արվել է: Կարծում ենք` ներկա պայմանները, նոր ժամանակաշրջանը թելադրում են նոր ձեւեր, նոր եղանակներ մարտահրավերներին դիմակայելու: Այստեղ պետք են բարձր արհեստավարժությամբ օգտված, բարոյական նորմեր ունեցող, հայրենասեր մարդիկ, ովքեր պետք է ընդգրկված լինեն քաղաքական կյանքում:

Ես լուրջ եմ վերաբերվում այդ հարցերին: Կարծում եմ` ցանկացած մարդ, քաղաքական գործիչ պետք է բարձր պատասխանատվություն ունենա: Միգուցե այն ժամանակ չէի զգում այն հնարավորություններն ու ներուժը, որ կարելի է գլխավորել քաղաքական ուժ, մտնել քաղաքական դաշտ: Այս բոլոր շրջանները անցնելով, կուտակելով փորձ` ուզում եմ իրոք օգտակար լինել:

-Հնարավո՞ր է, որ նախագահի թեկնածություն էլ առաջադրեք:

-Մենք դեռեւս հայտ ենք ներկայացրել կուսակցություն ձեւավորելու: Եթե նպատակները անընդհատ փոխվում են, եւ մարդ չի իմանում` ինչ է անելու, որեւէ բան չի ստացվելու: Մենք հայտ ենք ներկայացրել կուսակցություն ստեղծելու եւ հիմա ամենասկզբնական փուլում ենք: Պետք է շատ մեծ աշխատանք տանել, եւ մեր նպատակը հիմա դա է: Նախագահական ընտրությունների մասին չենք մտածում:

-Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկե՞լ եք Ձեր որոշումը: Ի՞նչ կարծիք հայտնեց:

-Մենք արդեն 12 տարի է` աշխատում ենք իրար հետ: Բարոյական հանգամանքները հաշվի առնելով` ես չէի կարող իրեն տեղյակ չպահել իմ որոշման մասին: Ոչ միայն իրեն, այլ նաեւ ինձ հետ աշխատող շատ մարդկանց, իմ գործընկերներին: Ես, բնականաբար, տեղյակ եմ պահել, եւ նախագահը ասել է` դա քո որոշումն է, եւ հարգել է իմ որոշումը: Ես պարտավոր էի իմ գործընկերին, նախագահին տեղյակ պահել, որովհետեւ, պատկերացրեք` իրենք իմ որոշման մասին իմանային դրսից կամ լրատվամիջոցներից:

Լուսինե Մինասյան




Լրահոս