Ինչպես ֆիննախի երկրորդ պլանի «խաղացողից» դարձավ գլխավոր դերակատար. ո՞վ էր Ջանջուղազյանը մինչև հեղափոխությունը.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության ձեւավորման գործընթացն էր ընթանում, շատերը, շունչները պահած, սպասում էին, թե ում է Փաշինյանը վստահելու հանրապետության ֆինանսների, պաշտպանության ու արտաքին գործերի կառավարումը: Մասնավորապես, ֆինանսական համակարգի ղեկը վստահվեց ֆիննախում մոտ քառորդ դար՝ 1995-ից աշխատող Ատոմ Ջանջուղազյանին, որին համարում են այդ նախարարության «իկոնան»: Ֆիննախն իր գոյության ընթացքում վերաձեւավորվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, մոտ մեկ տասնյակ նախարարներ են այս ընթացքում եկել ու գնացել, իսկ, ահա, Ջանջուղազյանը եղել է, կա ու կլինի:

Ո՞վ էր Ջանջուղազյանը մինչեւ հեղափոխությունը

Ատոմ Ջանջուղազյանն իր աշխատանքային կարիերան կառավարությունում սկսել է դեռեւս ուսանողական տարիներից՝ 1991-ից` աշխատելով ՀԽՍՀ Պետպլանում` որպես տեխնիկ, ապա ինժեներ-ծրագրավորող, իսկ հետո բարձրացել է մասնագիտական կարիերայի բոլոր աստիճաններով՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Ֆինանսների եւ Էկոնոմիկայի /որոշ ժամանակով վերաձեւավորված/ նախարարություններում, 2008-2016թթ.-ին էլ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետն էր եւ շուրջ երկու տարի՝ 2016-2018թթ., ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը:

Պաշտոնի բարձրացումը բառիս բուն իմաստով բարձրացրել է նաեւ պաշտոնի տիրոջը. Ջանջուղազյանի կաբինետն այժմ նախկինից մի հարկ վերեւում է: Երբ նա մայիսին ֆիննախի երկրորդ պլանի «խաղացողից» վերջապես դարձավ գլխավոր դերակատար, նախարարության հնաբնակները դա տրամաբանական համարեցին, քանի որ Ջանջուղազյանը երկրի ֆինանսական համակարգը գիտի 10 մատի պես, ՀՀ գանձապետական համակարգի կնքահայրն է եւ միշտ եղել է ապաքաղաքական դեմք: Ուստի հենց նրան ճգնաժամային իրավիճակում գործող կառավարության ֆինանսների նախարարի պաշտոնը վստահելը խելամիտ որոշում էր: Ասում են՝ շատ է աշխատում, աշխատանքի է գալիս առավոտ կանուխ՝ 6-ն անց 20-ին, տեսակով հավասարակշռված, կոմպրոմիսային չինովնիկ է եւ չի տառապում բյուրոկրատներին հատուկ պահանջկոտությամբ ու ձեւապաշտությամբ: Այն, որ նա վերանշանակվեց այդ պաշտոնում, հուշում է, որ ֆիննախի «հին գայլին» փոխարինող արժանի մարդ Փաշինյանը չի գտել:

Ֆիննախում «ասողը» նախարարի սանիկն է

Պարզվում է՝ Ջանջուղազյանն ու ֆիննախում նույն հարկի տակ նախարարի տեղակալ աշխատած, ապա ՊԵԿ գործուղված Դավիթ Անանյանը համակուրսեցիներ են: Իսկ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ նշանակված Կարեն Բրուտյանի եւ Ջանջուղազյանի միջեւ քավոր-սանիկական կապ կա. նախարարն իր տեղակալի երեխաներից մեկի կնքահայրն է: Հենց Բրուտյանի նշանակումով էլ, ըստ նախարարության մեր աղբյուրների, խախտվել է գերատեսչության անդորրը, քանի որ նախարարության կուրացիան փաստացի միանձնյա իրականացնում է Բրուտյանը: Նախարար նշանակվելուց մի քանի օր անց Ատոմ Ջանջուղազյանը, ըստ լուրերի, նախարարության աշխատակիցներին հայտնել է, որ այսուհետ բոլոր հարցերով պետք է դիմեն իր սանահորը, անգամ փոխնախարարներն իրենց աշխատանքային խնդիրները Բրուտյանի միջոցով են լուծում, քանի որ նախարարի հետ անմիջական շփում գործնականում չկա:

Նշենք, որ Բրուտյանը մինչ ներկայիս պաշտոնում նշանակվելը ՊԵԿ նախագահի տեղակալն էր: Նա եւս պատահական մարդ չէ նախարարությունում, որտեղ, սկսած 1998թ.-ից, տարբեր պաշտոններ է զբաղեցրել մասնավորապես պետգնումների գծով: Ավելին՝ Բրուտյանը դեռեւս 2000թ.-ին հիմնադրել է «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ն, որի մասին մամուլում մի շարք աղմկահարույց հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ հիշյալ ՓԲԸ-ն տարիներ շարունակ փաստացի մենաշնորհային կարգավիճակով զբաղվել է կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող ոլորտի՝ պետական գնումների կազմակերպմամբ, գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը մեծ շահույթներ է ապահովել: Մենաշնորհային կարգավիճակը վերոհիշյալ ՓԲԸ-ի համար, ըստ մամուլի, ստեղծել են հենց Ատոմ Ջանջուղազյանն ու Կարեն Բրուտյանը՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքն ու այլ կապերը:

Ի դեպ, այս ՓԲԸ-ի տնօրենը Գագիկ Ջանջուղազյանն էր՝ ֆինանսների նախարարի եղբայրը: Նկատենք, որ ՊԵԿ-ի կոռուպցիոն գործարքները սպասարկելու եւ ՊԵԿ-ից պատվերներ ստանալու մասին մամուլի տեղեկությունները Բրուտյանը հերքել է՝ պնդելով, որ իր՝ համակարգում բարձր պաշտոն ստանալուց հետո «Ինտեր լիմենսը» ՊԵԿ գնումներով չի զբաղվել։ Այս ՓԲԸ-ի ծառայություններից օգտվել են այլ մարմիններ՝ Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ, ՊՈԱԿ-ներ, թանգարաններ… Պետռեգիստրի տվյալներով` ՓԲԸ-ն շարունակում է գործել, թեեւ լուրեր կան, որ այն ժամանակավորապես դադարել է գործել ամուկից խուսափելու համար:

Նախարարը հէկ-ում բաժնեմաս ունի

Երբ վերջերս աղմուկ բարձրացրած պարգեւավճարների թեմայով լրագրողները նեղել էին Ջանջուղազյանին, վերջինս նշել էր, թե իր վաստակած աշխատավարձը, 2017թ.-ի համեմատ, աճել է 10 տոկոսով՝ պարգեւավճարը ներառյալ, դրա հետ մեկտեղ էլ առնվազն 10 տոկոսով աճել է նաեւ պատասխանատվությունը: Նկատենք, սակայն, որ թեեւ Ջանջուղազյանը «անհիշելի ժամանակներից» պետական պաշտոն է զբաղեցրել, սակայն աշխատանքի դիմաց ստացել է ոչ այնքան ճոխ վարձատրություն, ինչը պարզ է դառնում նրա 2011-2017 թթ. հայտարարագրերից: Ըստ այդմ՝ Ջանջուղազյանը ստացած աշխատավարձից կրկնակի ավելի դրամական միջոցներ է ունեցել, տարեկան աշխատավարձի արժեքով գույք է ձեռք բերել ու օտարել:

Պետռեգիստրի տվյալներով՝ ֆինանսների նախարարը 10 տոկոս բաժնեմաս ունի 2011թ.-ից շահագործման հանձնված «Կարբի ջրհոս» հէկ ՍՊԸ-ում, որը տարեկան արտադրում է 2 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Բաժնեմասը Ջանջուղազյանը ձեռք է բերել 2011թ.-ին, որի մասին եւ այնտեղից ստացված շահաբաժնի վերաբերյալ նշումներ չկան նրա 2011-2015 թթ. հայտարարագրերում: Նա այս բաժնեմասը հայտարարագրել է միայն 2016-ին:

Հեղինե Մանուկյան




Լրահոս