Օրերս Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում այդ տարածաշրջանի համայնքների հիմնախնդիրների վերաբերյալ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ քննարկման ժամանակ արծարծվեց ոռոգման ջրի սուր խնդիրը: Վրաստանին սահմանակից Պտղավան գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանը հայտարարեց, որ Դեբեդ գետի ջրով ոռոգելու դեպքում մեկ հեկտարի տարեկան վարձավճարը կազմում է 55 հազար դրամ, իսկ իրենց հարեւան Վրաստանի ադրբեջանական գյուղերի բնակիչները Դեբեդի ջրով ինքնահոս եղանակով ոռոգելու դեպքում վճարում են 4 անգամ պակաս` 14 հազար դրամին համարժեք լարի: Ռ. Օհանյանը չգիտի` Վրաստանի կառավարությունը սուբսիդավորում է արդյոք ոռոգման վճարը:
«Տավուշ» ջուրօգտագործողների միության տնօրեն Յուրա Որսկանյանը, չժխտելով, որ Դեբեդ գետի ջրով մեկ հեկտարի ինքնահոս ոռոգման վճարը 55 հազար դրամ է կազմում, ասաց, թե ՀՀ-ում, անկախ ոռոգման ինքնահոս կամ մեխանիկական եղանակից, սահմանված է ոռոգման ջրի միասնական սակագին` մեկ խորանարդ մետր ջրի համար 11 դրամ: Խորհրդակցության մասնակիցները նրան հարցրին, թե ինչպես է չափվում ինքնահոս եղանակով տրվող ոռոգման ջրի քանակը:
Նա ասաց, որ քրոնոմետրաժի եղանակով: Վրաստանին սահմանակից գյուղերի ղեկավարները դժգոհություն հայտնեցին, որ ամեն տարի ոռոգման սեզոնը ուշ է սկսվում, երբ ոռոգման ջրատարներում մոշի թփերը մեծ չափով աճած են լինում, դժվար է լինում դրանք քերել-մաքրելը: Նրանք հայտնեցին, որ ամառվա տապին, երբ բերքի հասունացման ժամանակն է, ոռոգման ջուր քիչ է տրվում, եւ բերքի մեծ կորուստներ են լինում:
Յուրա Որսկանյանը պատճառաբանեց, որ ուշ է սկսվում ոռոգման համակարգի պետական ֆինանսավորումը, նաեւ հայտնեց, որ ոռոգման համակարգը 50-60 տարվա վաղեմություն ունի, մաշված է: Նա ասաց, որ այս տարի իրենք արդեն մաքրել են ոռոգման մայր առուները, ոռոգման համակարգում նորոգման աշխատանքներ են կատարել: Որսկանյանը հայտնեց, որ Բերդավան գյուղի ջուրօգտագործողներն ուշացնում են Այրումի քառաստիճան պոմպակայանի միջոցով, մեխանիկական եղանակով ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ պայմանագրերի կնքումը, ինչը իրենց համար դժվարություններ է հարուցում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ