Կառավարության երեկվա որոշմամբ, «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ-ը միավորվել է նույն շենքում գործող «Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» հետ: Այսպիսով, այն կվերանվանվի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի եւ շաշկու օլմպիական մանկապատանեկան մարզադպրոց»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանը հայտնեց, որ կառավարության որոշումը կայացվել է առանց իրենց իմացության, իր հետ քննարկում տեղի չի ունեցել եւ որոշման մասին ինքը տեղեկացել է երեկ առավոտյան: Հրաչիկ Թավադյանը նաեւ նշեց, որ համամիտ չէ որոշման հետ, քանի որ իրականում այս երկու կազմակերպությունները տարբեր գործունեություններ են ծավալում, եւ դրանց համատեղելիությունը վերջինս չի պատկերացնում:
Ամեն դեպքում Հրաչիկ Թավադյանը, չունենալով կոնկրետ ինֆորմացիա, հարցին նայում է նաեւ լավ կողմից. «Եթե որոշումը կայացվել է, ուրեմն այդպես են նպատակահարմար գտել, եւ հնարավոր է այս ամենը նպաստի շախմատի զարգացմանը»:
Հրաչիկ Թավադյանը չի ցանկանում, որ այս միավորումը ազդի ֆինանսական հարցերի վրա, եւ մտահոգված է, որ հնարավոր է այլեւս մարդիկ չկարողանան Շախմատի տանը անցկացնել իրենց ժամանակը` շախմատ խաղալով:
Շախմատի տան տնօրենը ասաց նաեւ, որ ինքը ոչ մի կերպ չի բողոքարկելու կայացած որոշումները եւ կանի այնպես, ինչպես պաշտոնապես ներկայացվի:
«Հ. Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, պարզվում է, ևս վերջնական որոշման մասին վերջին պահին է տեղեկացել: Նա «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, որ ինքը կազմակերպությունների միավորման մտքին տեղյակ է եղել անցած տարվա նոյեմբերից, իսկ պաշտոնականի մասին միայն ինֆորմացվել է փետրվարի 28-ի առավոտյան` համացանցի միջոցով: Նրա խոսքով` այս երկու կազմակերպությունները տարբեր են, եւ ցանկալի չէր նման որոշում կայացնելը, սակայն եղածն արդեն եղել է:
Վլադիմիր Հայրապետյանը շեշտեց, որ այս ամենը միանշանակ օգուտ է մարզադպրոցին եւ վնաս Շախմատի տանը. «Դպրոցը մնում է. այն, իհարկե, չի տուժի, եւ երեխաների համար ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն»:
Մարզադպրոցի տնօրենը նույնպես անիմաստ է գտնում բողոքելը եւ սպասում է որոշումներին:
Մեկնաբանությունների համար Ժողովուրդ օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության արցերի նախարարություն: Նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը փոխանցեց, որ տնօրենների հետ ոչ մի քննարկում չի եղել, ֆինանսական առումով ոչ մի փոփոխություն լինել չի կարող, իսկ թե ով կլինի կազմակերպության տնօրենը, այդ հարցին դեռ ոչ ոք պատասխանել չի կարող:
Ա. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ բոլոր հարցերը կլուծվեն, նախնական տվյալներով (ոչ պաշտոնական), երկամսյա ժամկետում` միավորումը կատարվելուց հետո:
Էդմոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ