ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկվա «հյուրը» ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էր: Նրա հետ իշխող խմբակցության պատգամավորների հանդիպումը տեւեց երկու ժամ: Նիստն էլ, բնականաբար, դռնփակ էր:
Ժամը 16:00-ին ՀՀ ոստիկանապետն իր աշխատակիցների, ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արման Ղուկասյանի հետ ներկայացավ Ազգային ժողով:
Ուշագրավն այն է, որ մինչ ոստիկանապետի ներկայանալը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կատակով հայտարարում էին, թե «հեսա մարիխուանան ենք օրինականացնելու»: Սակայն ուրախ տրամադրությունը հօդս ցնդեց, երբ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բավականին մտախոհ եւ խիստ հայացքով ներկայացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Ու մինչ բոլորը ողջունում էին ՀՀ ոստիկանապետին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ նիստը դռնփակ է անցկացվելու, ուստի լրագրողները պետք է լքեն դահլիճը: Ավելի քան երկու ժամ տեւած նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, հացախեղդ էին արել ոստիկանապետին:
Արդեն նիստից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց մի քանի հարցի: Նախ` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե տեղյակ չէ` ով է այն պաշտոնյան, որին Պրահայից զանգահարել է Ալեքսանդր Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը, եւ սպառնացել. «Ուրեմն ես անկեղծ ասեմ ձեզ` չեմ հասկանում` ինչի մասին է խոսք գնում: Ինձ որեւէ մեկը չի զանգահարել ու որեւէ մեկը նման տոնով չի կարող ինձ զանգել ու խոսել: Վստահեցնում եմ ձեզ»:
Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի` նույն Ֆրանկլին Գոնսալեսի` Հայաստան տեղափոխվելուն, Օսիպյանն ասաց, որ դա կախված չէ ոստիկանությունից. «Ինչ հնարավոր է, ոստիկանությունն անում է»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նարեկ Սարգսյանը Պրահայից զանգահարել է ՀՀ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանցից մեկին եւ ոչ հաճելի բառապաշարով զրուցել նրա հետ:
Ինչեւէ, երեկ մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ պատգամավորները ՀՀ ոստիկանապետից հետաքրքրվել են` ոստիկանությունում կոռուպցիա կա, թե ոչ:
Ըստ էության, ոստիկանապետը փորձել է պատգամավորներին ներկայացնել իրավիճակը, սակայն այստեղ հարց է առաջանում, թե ինչու են պատգամավորները նման հարց ուղղել, ինչու են նման կարծիք հայտնել ՀՀ ոստիկանապետին. միգուցե տեղեկություններ ունեն ոստիկանների կոռուպցիոն գործարքների մասին:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվել. պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանապետին բողոքել է, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, եւ նրանց չեն բռնում, հետները գործարքների են գնում: Ի պատասխան` ոստիկանապետը հայտնել է զրո հանդուրժողականություն կրիմինալի նկատմամբ:
Ուշագրավն այն է, որ դռնփակ նիստում պատգամավորներից ոմանք ՀՀ ոստիկանապետին դժգոհություններ են ներկայացրել նաեւ 02 հաղորդաշարից` նշելով, թե այն պրոֆեսիոնալ չի աշխատում, անմեղության կանխավարկածը հաշվի չեն առնում եւ նման այլ հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթը գաղտնի նիստի ժամանակ պատգամավորների բարձրացրած հարցերի շուրջ զրուցեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:
-Պարո՛ն Օսիպյան, գաղտնի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հետաքրքրվել է, թե ոստիկանությունում կոռուպցիա կա արդյոք: Ըստ Ձեզ` ինչո՞ւ են պատգամավորները այդ կարծիքին:
-Ոստիկանությունում կոռուպցիա չկա, վստահեցնում եմ Ձեզ:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են պատգամավորները նման հարց բարձրացրել:
-Հետաքրքրում է միգուցե. չհետաքրքրի՞, բա իրավիճակ է փոխվել:
-Դռնփակ նիստի ժամանակ պատգամավորները հարց են բարձրացրել, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, նրանց չեն բռնում եւ հետները գործարքների են գնում: Այս մասին ի՞նչ կասեք, ոստիկանությունը վախենո՞ւմ է կրիմինալից:
-Ցույց տվեք մի ոստիկանի, որ վախենում է, ես կազատեմ իրեն ոստիկանությունից: Ես վստահեցնում եմ Ձեզ` ո՛չ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, ո՛չ էլ ամբողջ ոստիկանությունը, այս մեծ ընտանիքը, մենք վախենալու որեւէ մեկից չունենք:
-Այսինքն` ոստիկանները կրիմինալի հետ գործարքի չե՞ն գնում:
-Ես չեմ կարողանում Ձեր հարցին պատասխանել, քանի որ չեմ պատկերացնում` ինչի մասին է խոսքը գնում: Որ չկանք մենք այդ ամենի մեջ, ես չգիտեմ` Ձեզ ինչ պատասխանեմ: Ոչ:
Քնար Մանուկյան