Ինչու է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենը ազատվել պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պարզ դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 մլն դրամից 43 մլն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ըստ տնօրենի ցուցմունքի` 70 մլն դրամից փաստացի ծախսվել է 27 մլն դրամը, իսկ 43 մլն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Նշենք, որ երեկ բողոքի ակցիա էր իրականացնում հենց ընկերության ցուցմունք տված տնօրեն Արամ Ղլեչյանը, ում հենց երեկ էլ ազատել էին աշխատանքից: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության հիմնադիր Ալիկ Զաքարյանի հետ. «Ինքը հիմա ընկած ցույցեր, հայտարարություններ է անում: Մեղադրանքը վաղուց կա, դա այն էր, ինչի մասին գիտեինք, եկան, ստուգեցին ու ոչինչ չհայտնաբերվեց: Հիմա այս տնօրենը, որին ազատել ենք աշխատանքից, փորձում է այս կերպ մեզ շանտաժի ենթարկել: Ժողովրդին հավաքել է ու սուտ տեղեկություններ է տարածում»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչն է Ղլեչյանին տնօրենի պաշտոնից ազատելու պատճառը, ընկերության հիմնադիրն արձագանքեց. ««Իրեն ազատել ենք, որովհետեւ հիմնարկի կանոնն ու կարգը չէր պաշտպանում. նախկինում մարդիկ ընդունվում էին աշխատանքի քննություն հանձնելուց հետո, իսկ նա փողոցից պատահական մարդ էր ընդունում առանց որակ ստուգելու, որը մեզ չի բավարարում: Բնականաբար, որեւէ շորթման մասին խոսք չկա: Անցած տարվա հունիսից ստուգումներ են, ու ոչ մի խախտում չի գտնվել»:




Լրահոս