ՀՀԿ-ական տնօրենն ազատվել է աշխատանքից. ինչ ապօրինություններ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Նարինե Մեսրոպյանն ազատվել է աշխատանքից: Հրամանը ստորագրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

10 տարուց ավելի այդ դպրոցը ղեկավարած Նարինե Մեսրոպյանին պաշտոնանկ անելու համար հիմք է ծառայել Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի` մազրպետին ուղղված միջնորդագիրը: Դպրոցի քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազությունը պարզել է, որ տնօրենի կողմից կատարվել է երկու դրվագ դիտավորյալ հանցավոր արարք` պաշտոնեական դիրքի չարաշահում եւ պաշտոնեական կեղծիք: Ըստ դատախազի` նշված հանցագործությունը տվյալ անձը կատարել է տեւական եւ շարունակական` այդ հանցագործության կատարման մեջ ներգրավելով շուրջ 25 աշխատակցի: Դպրոցի տնօրենը, ըստ նախաքննության արդյունքների, Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչների տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունել է նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տեւական ժամանակ, որոշ դեպքերում` ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են ՀՀ-ից, այսինքն` որեւէ դասապրոցեսի չեն մասնակցել:

Մինչդեռ դպրոցի տնօրենը նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն ուսուցիչների միջոցով, ինչպես նաեւ անձամբ դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների` դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերից բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում:

Ըստ շրջանառվող լուրերի` դպրոցում անձնակազմը երկու մասի է բաժանվել: Աշխատակազմի մի մասն ուրախացել է այն փաստից, որ Նարինե Մեսրոպյանը հեռանում է, իսկ տնօրենին մոտ կանգնած ուսուցիչները վրդովված են: Նրանք ի պաշտպանություն տնօրենի` պատրաստվում են բողոքի ցույց անել: Բայց, իհարկե, մարզպետի որոշումն անբեկանելի է, քանի որ տնօրենին աշխատանքից ազատման պահանջը դատախազի կողմից է: Ասում են` իրավապահների կողմից էլ վրդովմունք է առաջացել, որ Նարինե Մեսրոպյանի ազատման որոշումն անընդհատ ձգձգվել է:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` Նարինե Մեսրոպյանն աջակցություն է որոնում: Սակայն նոր իշխանությունում դժվար թե հանրապետականը, որ ընտրություններում եղել է իր ղեկավարած դպրոցում ընտրական հանձնաժողովի նախագահ, կարողանա աջակից գտնել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանությունների համար կապ հաստատել նաեւ Նարինե Մեսրոպյանի հետ, սակայն չհաջողվեց:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս