Շառլ Ազնավուրի 95-ամյակին Երևանում ելույթ կունենան հայտնի ստեղծագործողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Երևանում հանդես կգան սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին և այլք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քեզ համար, Ազնավուր» համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կվարի Հայկ Պետրոսյանը:

Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին համերգի կազմակերպիչները:

«Յուրաքանչյուր երգիչ կատարելու է Ազնավուրի մեկ ստեղծագործություն և ևս մեկ գործ իր սեփական երգացանկից: Պարային կամ այլ բեմադրություն չի լինելու: Լուսային էֆեկտների և հրաշալի երգերի միջոցով ազնավուրյան մթնոլորտ ենք ստեղծելու»,- նշեց ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը:

Նա պատմեց, որ իր ընտանիքը մտերիմ է Ազնավուրի ընտանիքի հետ: 1964 թվականին Մարտիրոսյանի հայրը` կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանը, նկարահանել է Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Շառլ Ազնավուրը Հայաստանում»:

Նախագծի համահեղինակ ֆրանսահայ Հայկ Շահբազյանի խոսքով` հայ երաժշտասերները լավ են ճանաչում հայկական ծագում ունեցող հրաշալի արտսիստներ Պատրիկ Ֆիորիին և Հելեն Սեգարային, որոնք հանրության լայն շրջանակին ծանոթ են «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից: «Երգիչ Սլիմանին 2016 թվականին հաղթել է «Ֆրանսիայի ձայնը» մրցույթում, Քեյթ Ռայանը մրցանակի է արժանացել ԱՄՆ-ում: Երգիչները ելույթներ կունենան Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ`Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ»,-ներկայացրեց Շահբազյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն ասաց, որ սիրով են ընդունել համագործակցության առաջարկը և խոստովանեց, որ նվագախմբի համար հնարավոր խնդիրներ կառաջանան, քանի որ համերգը սպորտային դահլիճում է, բայց կազմակերպիչներն ու համալիրի տնօրինությունը կաջակցեն, որպեսզի Ազնավուրին հարիր հնչողություն ապահովեն:

Համերգային ծրագիրը նախատեսվում է անցկացնել նաև Մոսկվայում, Փարիզում:

Շանսոնյեի՝ «Քեզ համար Հայաստան» անունը կրող նախագիծն իրականացնում է Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնն ու Армцентр ընկերությունը:




Լրահոս