Արմավիրի մարզի Փարաքար համայնքում երեկ` մարտի 3-ին, լարված մթնոլորտ էր: Թաիրով թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացրել` գյուղում տիրող անմխիթար պայմանների դեմ:
ArmLur.am-ի թղթակցի հաղորդմամբ` այս թաղամասում բնակիչները հայտարարել են, որ կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին, ջրատար խողովակները քայքայված են, ավտոճանապարհներն` անմխիթար:
Բողոքի ակցիան շարունակվել է Մշակույթի տանը, որտեղ գյուղացիների հետ հանդիպել են Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, պատգամավոր Նարեկ Մկրտչյանը և Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը:
«Քանի՞ անգամ ենք դիմել ջրի, աղբամանների և մի շարք այլ հարցերով: Շեբենը բերենք, ի՞նչ անենք: 20 տարի է` ցեխի մեջ ենք ապրում: Էս ո՞ր դարն է»,- բարձրաձայնեց բնակիչներից մեկը:
Իսկ գյուղապետն առաջարկեց, որ բնակիչները հավաքվեն, ծախսի 60-70 տոկոսը հոգան, մնացորդը համայնքապետարանը կանի:
«Անցած տարի տասը հոգու շիֆր ենք տվել, կռիշներն են փոխել: Կգաս, ես քեզ ազգանունները կտամ»,- շարունակեց համայնքապետը:
Պատագամավորը շեշտեց, որ կա հստակ ծրագիր, որ խնդիրը փուլերով կլուծվի:
Գյուղապեռտի հայտարարությանը, թե մանկապարտեզը փակե՞մ, որ խնդիրը լուծվեն, բնակիչներից մեկը շատ խիստ արձագանքեց, թե ինչո՞ւ եք Ձեր փողոցը ասֆալտապատել, իսկ բուժարանը փլուզման եզրին է:
Այնուհետև բնակիչների պահանջով շրջայց կատարեցին թաղամասերում` ծանոթանալով իրավիճակին, տեղում արձանագրվեցին կոյուղաջրերի խնդիրներ, վթարային էլեկտրասյուներ, անմխիթար ճանապարհահատվածներ, աղբանոցների բացակայություն:
Փոխմարզպետը հորդորեց համապատասխան ծրագիր կազմել, ինչին բնակիչները դրական արձագանքեցին` պատրաստակամություն հայտնելով մասնակցություն ունենալ:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան