ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանություն Երևանում. կասկածյալը նույն օրը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին, ժամը 00:45-ին, բուժհաստատությունից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց, որ Միքայելյան հիվանդանոցի դիմացի սեփական տներից մեկում մահացած մարդ կա:

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր:

Բակում հայտնաբերվեց տանտիրոջ՝ 50-ամյա Արմեն Փարսադանյանի արնաշաղախ դիակը: Տեղում պարզվեց կատարվածի մանրամասները:
Ըստ նախնական տվյալների, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել երկու հարևանների միջև: Վիճաբանությունը վերածվել էր քաշքշուկի, և 42-ամյա Արմեն Մուրադյանը 3 կրակոց էր արձակել ու սպանել հարևանին:

Ձեռնարկվեց օպերատիվ-հետախուզական և որոնողական ծավալուն միջոցառումներ, ինչի ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ Արմեն Մուրադյանը թաքնվում է Վանաձորում՝ իր բարեկամներից մեկի տանը:

Օպերատիվ խմբերից մեկը մեկնեց Վանաձոր, զուգահեռ ձեռնարկվեց նաև բացատրական աշխատանք:

Նույն օրը՝ երեկոյան, Արմեն Մուրադյանը ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և խոստովանեց, որ ինքն է սպանել հարևանին:

Նա ոստիկաններին ներկայացրեց նաև հանցագործության գործիքը՝ դատարկ պահունակով, գործարանային համարով «Մակարով» ատրճանակը:

Ըստ Մուրադյանի՝ պահունակի մեջ 3 փամփուշտ է եղել, որոնք բոլորն էլ կրակվել են: Նշանակվել են փորձաքննություններ:

Արմեն Մուրադյանը ձերբակալված/կալանավորված է:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:




Լրահոս