Ինչու է շախմատը Շիրակում անկում ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են Գյումրու շախմատի դպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2013 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018-ի սեպտեմբեր տարբեր ժամանակահատվածներում շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8.000.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հասմիկ Խալիկյանը Գյումրու Շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկար տարիներ, եւ սա շնորհիվ այն բանի, որ իր եղբայրը՝ Հովիկ Խալիկյանը, Սերժ Սարգսյանի ընկերն է, նաեւ շախմատային ֆեդերացիայի խորհրդի անդամ: Ավելին, Հասմիկ Խալիկյանի ապօրինությունների մասին ֆեդերացիայում տարիներ շարունակ խոսվել է, բարձրաձայնվել, սակայն երբեւէ ընթացք չի տրվել, որովհետեւ նա եղբոր շնորհիվ վայելել է նախկին նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը:

Այսօր, սակայն, Հասմիկ Խալիկյանը չի շտապում մեկնաբանություններ կատարել ու նախընտրում է սպասել քննության ավարտին: Բայց շախմատի դպրոցում իրավիճակը լարված է: Պարզվում է` Հասմիկ Խալիկյանի հետ շատերն են վատ հարաբերությունների մեջ, եւ իրենց համար չարաշահումների բացահայտումը զարմանալի չէ:

Գյումրեցի գրոյսմաստեր Արա Մինասյանը Հասմիկ Խալիկյանի անօրինականություններին քաջածանոթ է: Հասմիկ Խալիկյանի դեմ ոչինիչ չունի, պարզապես մտահգիչ է համարում շախմատի նկատմամբ հետաքրքրության նվազումը: «Շախմատի վերհսկողությունը տվեցին մարդկանց, որոնք բացարձակապես կապ չունեն շախմատի հետ: Դրա համար էլ կոռուպցիան շատ ցայտուն կերպով արտահայտված է: Խալիկյանի դեմ ոչինչ չունեմ, պարզապես 20 տարի է, ինչ իր եղբոր հետ ոլորտի «հերն անիծել է»: Մենք լավ ավանդույթներ ունեինք, դեռ Խորհրդային տարիներից խաղասենյակ կար, որտեղ մարդիկ գալիս ու շախմատ էին խաղում: Շախմատասերներով հավաքվանք դիմում գրեցինք, որ այդ սենյակը վերականգնվեր: Հասմիկն իր եղբոր հետ որոշեց, որ այդտեղ լրացուցիչ ծախսեր են անհրաժեշտ, այլ մարդիկ պետք է վարձեին եւ այլն, ու որոշեցին մերժել մեր առաջարկը»,-ասում է Արա Մինասյանը:

Շախմատի ազատ սենյակի բացումը պետք է նպաստեր Շիրակի մարզում շախմատի զարգացմանը: Հին եւ նոր սերնդի շփումն առավել էր խորացնելու շախմատի իմացությունը, սակայն շախմատի գրոյսմաստերի առաջարկը մերժվում է առանց լուրջ հիմնավորումների: «Երբ երեխաները գալիս են մեծերի հետ շփվում են, մեծերը իմանում են երեխաների ուժը: Խալիկյան Հասմիկը ոչինչ չարեց, միայն այս տարի է ակտիվացել, բայց անօգուտ է: Բայց մեր տեսածն է ցույց տալիս, որ շախմատի զարգացմանը Հասմիկ Խալիկյանը խոչընդոտում է»,-ավելացրեց շախմատիստը:

«Շախմատը դպրոցներում չի զարգանում, որոհետեւ մասնագետներ չկան, եղած մասնագետներն էլ անտեսվում են»-, ասում է Արա Մինասյանը: Գյումրիում գործող Շախմատի դպրոցներում երեխաների թիվը նվազում է. դա ապացույցն է այն բանի, որ դպրոցների վարկանիշը գնալով ընկնում է: «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին այս հարցերը բազմիցս բարձրաձայնել եմ: Եթե մենք չունենք մասնագետներ, փոքրերի մեջ բացասական վերաբերմունքն ենք զարգացնում: Այս հարցերը բազմաթիվ անգամ ասել եմ: Կադրային լուրջ խնդիրներ կան: Լավ է` եկել են, աշխատում են, ի՞նչ շախմատ, ի՞նչ զարգացում:

Խալիկյանի չարաշահումները եթե տարիների վրա եմ բաժանում, մեծ գումար չի կազմում: Ավելի շատ ինքը իր էությամբ էլ հավասարակշիռ չէ, ծնողներն էլ դժգոհ են: Անպատժելիության մթնոլորտն է այս վիճակի պատճառը: Իբր կարողանում են դասերը պարապել, մի հատ էլ երեխաներին առաջարկում են մասնավոր պարապել: Դա անընդունելի է: Յուրաքանչյուրը թող իր դասը պարապի: 8 միլիոնը երեւացողն է. ինչքան գումարներ էլ կան, որ չեն երեւում»,-ասաց Արա Մինասյանը:

Հեղինե Մանուկյան
Շիրակ




Լրահոս