«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն է: Նա անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին, «Restart» շարժման անդամների կողմից բլոգեր Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձին եւ Հայաստանում միֆային «բոբո» կերպարի՝ Սորոսի մասին շահարկումներին: Պարոն Բայաթյանը խոստովանել է, որ մշակույթի լինել-չլինելուց մշակութային դաշտում առանձնապես բան չի փոխվում: Նա նշել է, որ Հայաստանի պես փոքր երկրին այդքան մեծ թվով նախարարություններ պետք չեն:
-Պարո՛ն Բայաթյան, ներկայիս կառավարության գործունեությունից ի՞նչ տպավորություններ ունեք: Այս ամիսների ընթացքում ստեղծվե՞լ է այն միջավայրը, որը հեղափոխության օրերին խոստանում էր ձեւավորել ներկայիս իշխանությունը:
-Կցանկանայի կառավարության, Ազգային Ժողովի կազմում շատ պրոֆեսիոնալների տեսնել, կադրային քաղաքականությունն ավելի խելամիտ վարվեր: Կան մի շարք լավ մասնագետներ, որոնք խաղից դուրս են. դա ոչ միայն սխալ է, այլեւ անթույլատրելի է:
-Օրերս բլոգեր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իր վրա են հարձակվել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը պահանջող «Restart» շարժման անդամները։ Նրանք չհերքեցին այս փաստը, բայց հայտնեցին, որ դա ոչ թե հարձակում էր, այլ «աղբի տեղը աղբամանն է» գործողություն (Մալյանին փորձել են գցել աղբամանը-հեղ.)։ Արդյոք նման արարքը կարո՞ղ է արդարացում ունենալ, ամենաթողության մթնոլորտի ձեւավորման վտանգ տեսնո՞ւմ եք:
-Կան մարդիկ, որոնց ցանկանում են անպայման սադրել: Դա լավ տեղ չի տանում, ինչպես որ այս դեպքում եղավ: Իհարկե, բռնությունը որեւէ արդարացում չունի, եւ եթե մենք որոշել ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, մեզ համար նման վարվելակերպն ընդունելի չպետք է լինի: Բայց, էլի եմ կրկնում, սադրել էլ պետք չէր: Եթե Նարեկ Մալյանն այլ կարծիք ունի որեւէ հարցի շուրջ, պետք չէ, որ նա պարբերաբար սադրիչ հրապարակումներով հանդես գա, թող իր գործով, իր ապրածով ցույց տա, որ ինքը ճիշտ է:
-Պարո՛ն Բայաթյան, Մշակույթի նախարարությունը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում, հատկապես ՊՈԱԿ-ների կարգավիճակի փոփոխության հետ կապված թեմայի շրջանակում: Այս կառույցի գործունեությունը Ձեզ գոհացնու՞մ է: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այս կառույցի լուծարմանը:
-Ես շոշափելի աշխատանք այդ գերատեսչության կողմից չեմ տեսնում: Գիտե՞ք, կարծում եմ՝ նախարարության չլինելուց էլ իրականում ոչինչ չի փոխվի: Հայաստանի պես փոքր երկրին այդքան մեծ թվով նախարարություններ պետք չեն: Շվեյցարիան որ Շվեյցարիան է, վեց նախարարություն ունի: Կարելի է կարծել, թե մենք 20 միլիոն բնակչություն ունենք: Մեզ ինչու՞ են պետք այդքան նախարարությունները:
-Վերջերս ակտիվորեն շրջանառության մեջ է դրվել Ջորջ Սորոսի գրեթե միֆային կերպարը եւ այն ներկայացվում է հետեւյալ կոնտեքստում՝ իբր Հայաստանում թավշյա հեղափոխությունը կայացավ այս մարդու հովանավորությամբ, իսկ ներկայիս իշխանավորներն էլ, այսպես ասած, «սորոսականներ» են: Ըստ Ձեզ՝ որտեղի՞ց սկսվեց այս արշավը եւ ի՞նչ նպատակ այն ունի:
-Այդպիսի «բոբո» կերպարներ պարբերաբար ստեղծվում եւ շրջանառվում են՝ կլինի ոչ միտումնավոր, թե դիտավորյալ: Բնականաբար, թավշյա հեղափոխությունն այս մարդու հետ որեւէ կապ չունի. դրա հեղինակն ու դրդողը հայ ժողովուրդն է: Նման մեկնաբանություններ հիմնականում անում են ռուսական կողմը, հայ ռուսամետները եւ նախկին իշխանությունների կողմնակիցները: Բայց ժողովուրդը տարբերում է թացը չորից, եւ հավատացե՛ք` ժամանակի ընթացքում ամեն բան կընկնի իր տեղը:
Աննա Բաբաջանյան