Հայաստանում երկու ամսում 12.5 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել. սրա արդյունքում արձանագրված առևտրի շրջանառությունն ավելացել է 35 մլրդ դամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին:
Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագրի քննարկումներում տնտեսական հեղափոխության հետ կապված շատ շեշտադրումներ են արվել: «Թեմաներից մեկը կապված էր քաղաքացիների կողմից իրենց պարտավորությունների կատարմանը, օրինակ՝ ՀԴՄ կտրոնը պահանջելուն: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել և ո՞ր ուղղությամբ եք շարժվում այս հարցում»,-հետաքրքրվեց Դանիելյանը:
Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր քաղաքացիներին, ձեռնարկատերերին ու ՊԵԿ-ին, այնուհետև պարզաբանեց: «Մենք ունենք աննախադեպ զարգացում: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ 12.5 մլն հատ հաշվիչ դրամարկղային կտրոն ավելի է տպվել: Սրա արդյունքում հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առևտրաշրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է: Եվ սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ին պետական եկմուտների հավաքագրման գործընթացին»-նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` գոնե փորձագիտական տվյալներով այս գործընթացը շարունակվելու է: Նա սրանից ավել կարևոր համարեց քաղաքական ուղերձը, որ մենք այսօր, ըստ էության, գործ ունենք կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք գործընկերության հետ: Վարչապետի կարծիքով` հանրությունն իր գործողություններով շարունակում է վստահություն արտահայտել կառավարության, նաև ԱԺ-ի նկատմամբ: