Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Կառավարության կառոիցվածքի մասին օրենքի շուրջ հանրային ընկալմանը: Նրա խոսքով, հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելը:
«Այո կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատող իր շանսն է ստանալու: Մարդկանց աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ, իհարկե անկախ որևէ հարակից գործոնից: Եվ մենք իսկապես պետք է լինենք մաքսիմալ շրջահայաց, որպեսզի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը հասնենք որպես նպատակ: Դրա համար սա միջանկյալ լուծում է, որովհետև այդ խնդիրը մենք չենք լուծում ուղղակի նախարարությունները միավորելով և այդ խնդիրը մենք չենք կարող լուծել ուղղակի փակ աչքերով կրճատումներ իրականացնելու միջոցով: Հետևաբար, յուրաքանչյուր աշխատակցի առաջ դրվում է շատ կոնկրետ խնդիր՝ վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը և ընդհանրապես այդ նախարարությունների, կառույցների աշխատանքի որակը»,- նշեց վարչապետը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս փետրվարի 22-ին գրել էր, որ կառավարությունը գտել է ելքը և նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, եւ մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից