Քանի որ շուտով կանանց նվիրված միամսյակն է, «Ժողովուրդ» օրաթերթը այդ թեմայով զրուցել է հայկական շոու-բիզնեսի ամենականացի ներկայացուցիչներից մեկի՝ երգչուհի Իրինա Հարությունյանի հետ: Նա անդրադարձել է կին, բեմի մարդ լինելու դժվարություններին, գեղեցիկ լինելու գաղտնիքներին, կատարել է յուրահատուկ խոստովանություն: Իրինայի համոզմամբ՝ կինը երջանիկ է, երբ սիրված է, պաշտպանված, գնահատված, ունի սիրելի աշխատանք եւ ընտանիք:
Երգչուհու կարծիքով՝ գեղեցիկ է կանացի եւ միեւնույն ժամանակ խելացի կինը: Հարցին, թե որպես կին ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել է, որն է եղել, Իրինան պատասխանեց. «Փառք Աստծո, ես իմ կյանքում անհաղթահարելի դժվարություններ չեմ ունեցել:
Ամուսնալուծությունս, օրինակ, կարելի է համարել բեկումնային, բայց ոչ անհաղթահարելի շրջան: Ես կանանց այն տեսակներից եմ, որոնք հազվադեպ են անհաղթահարելի պատնեշների հանդիպում: Ինձ համարում եմ ուժեղ կին, հավատում եմ ոչ միայն սեփական ուժերիս, այլեւ ճակատագրին»:
Մենք հետաքրքրվեցինք՝ հաճախ է արդյոք Իրինան հայտնվում տղամարդկանց ուշադրության կենտրոնում. «Չեմ կարող թաքցնել՝ ինձ հաճախ են սիրահարվում: Ես ինձ համարում եմ հետաքրքիր եւ գրավիչ կին»,- ասաց մեր զրուցակիցը:
Այս օրերին շատ է քննարկվում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների, կանանց նկատմամբ բռնությունների թեման: Իրինան ունի իր տեսակետը. «Կանանց իրավունքները ոտնահարվում են այն դեպքում, երբ նրանք թույլ են տալիս դա: Իհարկե, կինը պետք է լինի հանդուրժող, զիջող, բայց երբ խոսքը վերաբերում է, օրինակ, բռնությանը, չի կարելի հայկական մենթալիտետին բնորոշ վերաբերմունք ցուցաբերել եւ զոհ գնալ»,-մեկնաբանեց երգչուհին:
Նրա խոսքով՝ Հայաստանում եւ, առհասարակ, ամբողջ աշխարհում դժվար է լինել կին եւ լինել բեմի մարդ. «Ամեն դեպքում, ես թույլ չեմ տա, որ աշխատանքս տուժի, քանի որ բեմն ու երգը իմ կյանքն են: Խոչընդոտները կգան ու կգնան, իսկ այն, ինչ դու զգում ես բեմի վրա, այն, ինչ ստեղծում ես, կմնա»,-եզրափակեց Իրինան:
Անի Անտոնյան