ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆ ՌԻՍԿԵՐ ՍՈՑԱՊ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ սոցիալական ապահովության պետական ծառայությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բավական հետաքրքիր փաստեր են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ն է: Այսինքն` այն ժամանակահատվածն է, երբ սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը:

Նշենք, որ հիմնականում ուսումնասիրվել է պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ պետական սեփականության կառավարումը: Իրականացվել է ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննություն,եւ հայտնաբերվել են անհամապատասխանություններ:
Այսպես, ՀՀ հաշվեքննիչ պալատը բացահայտել է, որ առկա են դեպքեր, երբ երկրից 12 ամիս բացակայող, աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 702 մլն 651 հազար 200 դրամ, կանխիկ եղանակով` 619 մլն 99 հազար դրամ, երկրից 3-ից 9 ամիս բացակայող, աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին կանխիկ եղանակով փաստացի վճարվել է 4 մլն 23 հազար դրամ: Մինչդեռ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ: Առաջացել է ռիսկ, որ աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուները, որոնք պահանջվող ժամանակաշրջանի ընթացքում պատշաճ կարգով չեն ներկայացել բանկ, ստացել են կենսաթոշակ, որը ՀՀ օրենսդրությամբ ենթակա էր դադարեցման:
Մյուս կողմից` պալատի համար անհասկանալի է միեւնույն հավասար պայմաններ չունեցող քաղաքացիներին կենսաթոշակների միեւնույն չափաքանակի վճարումները: Քանի որ կենսաթոշակառուն արդեն իսկ ընդգրկված է այլ պետական ծրագրերով ֆինանսավորվող հարաբերություններում`հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում, որտեղ ապահովվում է նրա կենսապահովման նվազագույն զամբյուղը, ըստ պալատի, նրանց կենսաթոշակների վճարումը անհավասար պայմաններ է ստեղծում այլ կենսաթոշակառուների նկատմամբ`դրանով իսկ խաթարելով սոցիալական համերաշխության եւ արդարության սկզբունքները:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 2017 թվականի ընթացքում մոնիթորինգի վարչության կողմից չի կատարվել ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված աշխատանքների ամբողջական վերլուծություն եւ գնահատում: Այսինքն` ստուգումներ չեն կատարվել վճարման ծառայություններ մատուցող կազմակերպություններում («Հայփոստ», բանկեր): Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի շահառուների մասով ի հայտ են եկել 2453 դեպք: Արդյունքում տվյալ շահառուների գծով առկա է խեղաթյուրման ռիսկ` առավելագույնը 796 մլն 625 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ 5 դեպքերում չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, այնուամենայնիվ տրամադրվել է թաղման նպաստ` 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում, նշված 5 դեպքերում նպաստը ստացել է մեկ անձ:Ի դեպ, նշենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուների մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը»:
Սա դեռ ամենը չէ. ուսումնասիրության ընթացքում պարզվել է մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, 60 անձինք ստացել են 448 թաղման նպաստ` 89.6 մլն դրամ գումարով: Ընդ որում, 4 անձ ստացել է 267 թաղման նպաստ` 53.4 մլն դրամ, որից մեկ անձ` 169 նպաստ` 33.8 մլն դրամ, մեկ անձ` 45 նպաստ` 9 մլն դրամ, մեկ անձ` 35 նպաստ` 7 մլն դրամ եւ մեկ անձ` 18 նպաստ` 3.6 մլն դրամ: Միաժամանակ նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ որեւէ սահմանափակում չկա մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու քանակների վերաբերյալ, սակայն նշված հանգամանքը իր մեջ հնարավոր խեղաթյուրումների ռիսկեր է պարունակում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 126 ավանդատուների մասով սոցիալական աջակցության տարածքային մարմինները ներկայացրել են նույն տարում տեղեկանքների կրկնվող համարներ: Արդյունքում 126 ավանդատուների մասով պալատը հայտնաբերել է խեղաթյուրման ռիսկ` առավելագույնը 21 մլն 478 հազար դրամի չափով: Իսկ, ահա, 149 ավանդատուների մասով սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղեկանքների համարները եւ ամսաթվերը չեն լրացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել է խեղաթյուրման ռիսկ` 27 մլն 208 հազար դրամի չափով: Բացի այս, 19 ավանդատուների մասով սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղեկանքների ամսաթվերի եւ համարների մասերում այլ նշումներ են արել, եւ ավելի քան 3.9 մլն դրամի չափով առկա է խեղաթյուրման ռիսկ: Նաեւ սոցիալական աջակցության տարածքային մարմինները 11 ավանդատուների մասով ցուցակներից հանել են ավանդատուների անունները եւ տվյալները ներկայացրել են առանց այդ 11 ավանդատուների: Արդյունքում 11 ավանդատուների մասով առկա է խեղաթյուրման ռիսկ` առավելագույնը 1 մլն 566 հազար դրամի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՌԵՎԱՆՇԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ. ՋՈԿՈՎԻՉԸ ՋԱԽՋԱԽԵՑ ՆԱԴԱԼԻՆ

27.01.2019 Ավստրալիա, Մելբուռն, «Ռոդ Լեյվեր Արենա». կայացավ Մեծ Սաղավարտի տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ էին դուրս եկել Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը:

«Ռոդ Լեյվեր Արենան» անշլագ էր, բոլորը եկել էին վայելելու աշխարհի լավագույն ռակետների պայքարը` հիշողության մեջ պահելով 2012-ի Ավստրալիայի Բաց առաջնության 6 ժամանոց եզրափակիչը, որտեղ չեմպիոն հռչակվեց սերբ հսկան՝ Նովակ Ջոկովիչը:
Այս խաղը թենիսի «Էվերեստում» կանգնածների 25-րդ բախումն էր եզրափակիչներում, որտեղ 2 ժամ 6 րոպե տեւած պայքարում 6-3,6-2,6-3 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Նովակ Ջոկովիչը՝ նվաճելով իր 7-րդ տիտղոսը Australian Open-ում:
Ռաֆա Նադալը, որը մինչ եզրափակիչ չէր պարտվել նույնիսկ մեկ սեթ, անվստահ տեսք ուներ. իսպանացին չկարողացավ հաղթել Ջոկովիչին ոչ մի սեթում եւ ընդհանուր 3-0 հաշվով խայտառակ պարտություն կրեց: Սա «Գրունտի» 15-րդ պարտությունն էր եզրափակիչներում Նովակ Ջոկովիչից:
Ռաֆան պարտվեց այս եզրափակչում` ցույց տալով անփառունակ խաղ, սակայն արդարության համար պետք է նշել, որ կապույտ կորտում Ջոկովիչը հազվադեպ է զիջում մրցակիցներին: Հարդը սերբի պաշտելի կորտն է, եւ նա չէր կարող բաց թողնել գլխավոր մրցակցին հերթական անգամ ցավ պատճառելու հնարավորությունը:
Ջոկովիչը Նադալի նկատմամբ տարավ 28-րդ հաղթանակը, սահմանեց մի շարք ռեկորդներ եւ ամրապնդվեց ATP-ի վարկանիշային առաջին հորիզոնականում:
Նովակի գրանցած ռեկորդները
Նովակը դարձավ Ավստրալիայի առաջնության առաջին 7-ակի չեմպիոնը: Մինչ այս Ջոկովիչը 6-ակի հաղթողի կոչումը կիսում էր Ռոջեր Ֆեդերերի եւ Ռոյ Էմերսոնի հետ:
Հարդի արքան, նվաճելով 15-րդ տիտղոսը GrandSlam-ի մրցաշարերում, գերազանցեց Պիտ Սամպրասի ցուցանիշը: Այժմ սերբ թենիսիստն ունի 15 տիտղոս: Նրանից առաջ գտնվում է Նադալը 17 տիտղոսով եւ բացարձակ ռեկորդակիր Ռոջեր Ֆեդերերը՝ 20 տիտղոսով:
Չնայած որ խաղը լուրջ պայքարում չանցավ, իսկ Նադալը չտպավորեց, միեւնույն է, իսպանացին չի ընկճվել եւ խոստանում է նոր ձեռքբերումներ ունենալ:
Հետխաղյա ասուլիսի ժամանակ Նադալը մի գլուխ գովել է Ջոկովիչին` ասելով, որ մրցակիցը փառահեղ հանդիպում անցկացրեց եւ արժանի հաղթանակ տոնեց:
«Նոր եմ ապաքինվել վնասվածքից եւ արդեն պատրաստ եմ նոր նվաճումների հասնելու, իսկ ինչ վերաբերում է Ջոկովիչին, ապա կասեմ, որ նա ֆանտաստիկ էր»…
Այսպիսով, Ջոկովիչը հաղթեց Նադալին, դարձավ չեմպիոն, բայց այս դիմակայությունը այսքանով իհարկե չի սահմանափակվի. Նադալը սպասում է եւս մեկ առճակատման Նովակի հետ, որը կարող է լինել Ֆրանսիայի առաջնության` «Ռոլան Գարոսի» շրջանակներում, որտեղ արդեն խաղի կանոններ թելադրողը Ռաֆա Նադալն է:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

20 ՄԻԼԻՈՆ ՉԻ ՎՃԱՐԵԼ
Դիլիջան քաղաքի բնակիչ 1980թ. ծնված Արման Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քր. օր. 205 հոդվածի 2-րդ մասով` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու համար: Նրա նկատմամբ դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, սկսվել է հունվարի 17-ին: Ա. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրա նկատմամբ քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Արման Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ, հանդիսանալով «ԳԻՏԻ-ՏՕՍՏՕ» ՍՊԸ տնօրենը, 2013-2014թթ. իրականացրել է տնտեսական գործունեություն, ՀՀ տարածք է ներմուծել ապրանքներ ու առանց համապատասխան փաստաթղթավորման իրացրել, ՀՀ-ում ձեռք է բերել ապրանքներ եւ իրացրել «ԷԴ ԸՆԴ ԶԱԿ» ՍՊԸ-ին, սակայն պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր գումար: Ըստ մեղադրանքի` հարկեր չվճարելու նպատակով նա, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ 48-րդ հոդվածի «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել 2013-2014 թթ. շահութահարկի, 2013թ. 2-րդ, 3-րդ 4-րդ, 2014թ. 1-ին եռամսյակների ավելացված արժեքի հարկի, 2013թ. 2-րդ եռամսյակի շրջանառության հարկի, 2013թ. մարտից մինչեւ 2015թ. մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկները եւ ՀՀ պետբյուջե չի վճարել 20 միլիոն 237 հազ. 690 դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը: Նա նախկինում դատապարտված է եղել 6 անգամ: Ա. Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, հոսպիտալացվելու հորդորը դատապարտյալը մերժել է: Նույն օրը երկրորդ անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է, քիչ ուշ ժամանել է շտապօգնության խումբը եւ արձանագրել է Ա. Նազարյանի կենսաբանական մահը: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

 

 

ԿԱՍԵՑՐԵԼ Է
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems ընկերության երեք ղեկավարների արտահանման լիցենզիան: Նշված ընկերությունը կասկածվում է դրոնները Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ գործածելու մեջ: Որոշումն ուժի մեջ է, մինչդեռ վճիռը չի կայացվել: Քանի դեռ ընթանում են դատական լսումները, ընկերության ղեկավարները չեն կարողանա ներկայացնել արտադրանքն արտերկրում: Ընկերության աշխատակիցները կասկածվում են խարդախության եւ զինամթերքի արտահանման վերահսկողության կանոնները խախտելու մեջ: 2016թ. Ադրբեջանը կիրառել էր իսրայելական արտադրության Harop-անօդաչու-կամիկաձե սարքը ավտոբուսի վրա հարձակվելու ժամանակ, որի հետեւանքով սպանվել էր 7 հայ:




Լրահոս