Հայկական սպորտը այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չի գտնվում, սակայն արդեն արվում են շատ քայլեր` մի շարք խնդիրների լուծում տալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը այս ամենի եւ այլ հարցերի մասին զրուցել է պրոֆեսիոնալ ըմբիշ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ:
-Պարո՛ն Ջուլֆալակյան, ժողովրդի քվեն ստանալուց հետո ի՞նչ փոփոխություններ եք ցանկանում տեսնել հայկական սպորտում եւ ի՞նչ նախագծեր եք արդեն ներկայացրել Ազգային Ժողով:
-Հայկական սպորտում շատ փոփոխություններ են հարկավոր: Եթե նշեմ մեկ-երկուսը, իհարկե, շատ թերի կլինի: Կբարձրաձայնեմ մարզիչների սոցփաթեթների հարցը. կհարցնեմ, թե ինչն է պատճառը, որ մեր հավաքականի մարզիչները չունեն սոցփաթեթներ, չէ՞ որ նրանք եւս մանկավարժ են: Կբարձրաձայնեմ մարզիկների հանդերձանքի խնդիրը, ինչպես նաեւ մարզիկների սննդային հավելման մասին, որոնք պրոֆեսիոնալ առումով շատ կարեւր են: Խնդիրները շատ-շատ են` մարզիչների եւ մարզիկների անչափ քիչ աշխատավարձերը, գույքային եւ դահլիճային խնդիրները, առանց որոնց մարզիկը մարզվել չի կարող: Թեթեւ ատլետիկայում չունենք 400 մետր վազքուղի կոչվածը, որը մինիմալ պահանջ է: Լուրջ խնդիրներ կան լողի շրջանակներում, եւ, իրոք, գովելի է այն փաստը, որ մեր մարզիկները, չունենալով պայմաններ, կարողանում են մեդալներ նվաճել:
Արդեն զբաղվում եմ ԲԿՄԱ-ի` սպորտային վաշտի վերաբացմամբ եւ այդ առիթով կապի մեջ եմ Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի մշակենք ճիշտ չափորոշիչներ:
Լուրջ քայլեր կձեռնարկեմ, որ ազգային հավաքականների անդամ մարզիկների գործունեությունը որպես ստաժ համարեն: Առաջիկա օրերին հենց կոնկրետ դրա ուղղությամբ կզբաղվեմ:
Զբաղվում եմ նաեւ մարզիկների բժշկական ապահովագրության հարցով եւ դրա համար նույնպես կապի մեջ եմ նախարարության հետ, եւ փորձում ենք չշտապել ու որոշել, թե ինչպես անել, որ գումարը ավելի նպատակային ծառայի (զրուցել ենք, մինչեւ ԱԺ նիստի մեկնարկը.հեղ):
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էդմոն Մարտիրոսյան