Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողները. Է. Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է նաև, որ քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները և նոր ձևավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումները:

«Համազեկուցողները նախատեսում են ունենալ հանդիպումներ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի, արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ: Հանդիպումներ են նախատեսված Գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հատուկ քննչական ծառայության պետի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

ՀՀ ԱԺ-ում համազեկուցողները նախատեսում են հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պետաիրավական մշտական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև այցի շրջանակներում նախատեսվում են անհատական հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ»,-մանրամասնել է պատգամավորը:




Լրահոս