Մարտի 4-ին կայացել է Տավուշի մարզի Այրում համայնքի ավագանու նիստ: Օրակարգի հիմնական հարցը Այրում համայնքի մաս կազմող Բագրատաշեն գյուղի պահուստային հողերը լիբանանյան գործարարին երկարաժամկետ վարձակալությամբ տալու կամ վաճառելու խնդիրն էր: Լիբանանցին քրիստոնյա արաբ է, նա արդեն Բագրատաշեն գյուղի բնակիչներից գնել է շուրջ 70 հեկտար տարածք, ուր մտադիր է ընկուզենու յուրահատուկ տեսակի եւ լիբանանյան շագանակենու այգիներ հիմնել:
Նա ցանկանում է ի հաշիվ Բագրատաշեն գյուղի պահուստային, չմշակվող 70 հեկտար հողերի ընդլայնել Բագրատաշենում իր հողատարածքները, այնտեղ եւս այգիներ հիմնել: Այրումի համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա հոգացել է Բագրատաշենի պահուստային, չմշակվող հողերի չափագրման աշխատանքների ծախսերը կայանալիք գործարքի ժամանակ այդ գումարները հաշվարկելու պայմանով:
Նա Բագրատաշենի բնակիչներից գնած հողերը ոռոգելի դարձնելու համար որոշակի ծախսեր, աշխատանքներ է կատարել: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ մարտի 4-ի նիստին համայնքի ավագանու 12 անդամներից 9-ն են մասնակցել, եւ բոլորն էլ դեմ են եղել համայնքի պահուստային հողերը արաբ գործարարին վարձակալությամբ տալուն կամ վաճառելուն: Նրանց այդ դիրքորոշման պատճառաբանությունն այն է, որ Բագրատաշենի բնակիչները համապատասխան ներդրումների դեպքում իրենք կմշակեն այդ հողերը: Լիբանանցի գործարարի ընկերության ներկայացուցիչ, «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը մասնակցել է Այրումի ավագանու վերոհիշյալ նիստին:
Նա ասաց, որ այն հողատարածքները, որոնք ցանկանում է ձեռք բերել արաբ գործարարը, տարիներով չեն մշակվում, դրանցում միայն տատասկ է աճում: Հ. Ազիբեկյանի խոսքերով` այդ հողատարածքների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Բագրատաշենի որոշ բնակիչներ, որոնք տարիներով չեն մշակում իրենց պատկանող հողերը եւ դրանց դիմաց համայնքի բյուջե հարկեր չեն մուծում:
Նա հայտնեց, որ արաբ գործարարի ներդրումները Բագրատաշենում տասնյակ աշխատատեղեր կստեղծեն, գործարարը պատրաստ է ընկուզենու եւ լիբանանյան շագանակենու տնկիներ տրամադրել Բագրատաշենի բնակիչներին, հետո միջազգային շուկայում իրացնել նրանց աճեցրած բերքը: Հ. Ազիբեկյանը փետրվարի 21-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ հայտարարեց, որ Այրում համայնքի ավագանու որոշումները, որոնք առնչվում են համայնքի հողերի օտարմանը, որոշ դեպքերում սուբյեկտիվ են, կամայական:
Ոսկան Սարգսյան
Տավուշ