Պատգամավորի փեսան՝ դանակահարության կիզակետո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ին դանակահարություն է եղել Գյումրի քաղաքում: Եւ, ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, դանահակարության գործով անցնում է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան: 2019թ. մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել` «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի` 1972 թվականին ծնված բնակիչը`«Կրկծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակված թափանցող թորակսաբդոմինալ վնասվածքներ, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, փայծաղի վնասումով, ձախակողմյան հեմոպնեւմոթորաքս, հեմոպերիտոնեում» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նկատենք, որ նախաքննական մարմինը չի հայտնել, թե ով է դանակահարվել եւ ով է դանակահարողը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ, Գյումրիում պտտվող լուրերի համաձայն, դանակահարող անձը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են: Նախ` տեղեկությունը փորձեցինք պարզել ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանից, սակայն վերջինս, լսելով դանակահարության մասին, սկսեց մեղադրանքներ հնչեցնել. «Իյա, դուք լրատվությո՞ւն եք, թե՞ ազգային անվտանգություն, թե՞ ներքին գործերի նախարարություն: Ի՞նչ կառույց եք»:

Մեր այն դիտարկմանը, որ բացառապես լրագրությամբ եք զբաղվում եւ փորձում ենք տեղեկությունը պարզել իրենից, թե արդյոք իր փեսան կապ ունի տեղի ունեցած դանակահարության հետ, Վարդան Ղուկասյանն ասաց, թե իրենից չպետք է հարցնեն. «Ուրիշ տեղերից հարցրեք, ես այդ կառույցներից հեռու եմ»,- ասաց նա` անջատելով հեռախոսը: Այլ կերպ ասած` Ղուկասյանը չի հերքել այդ լուրերը:

Ինչեւէ, մեզ հայտնի է դարձել, որ դանակահարված անձը Գեւորգ Պետրոսյանն է: Իսկ իրավապահ մարմիները հիմա քննություն են իրականացնում պարզելու համար, թե արդյոք Վարդան Ղուկասյանի փեսան կապ ունի այս դանակահարության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց նաեւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ: «Այս պահին օպերատիվ մարմինը ունի իր տեսադաշտում անձինք, որոնց առնչության վերաբերյալ կատարվում են անհրաժեշտ գործողություններ:

Դեռեւս քրեական գործով որեւէ ապացույցներ ձեռք չեն բերվել կոնկրետ անձի կողմից ենթադրյալ հանցագործությունը կատարելու համար: Այսօր ինձ մոտ եղել է նաեւ խորհրդակցություն, առաջ են քաշվել տարբեր վարկածներ տարբեր անձանց կողմից հանցագործությունը կատարելու վերաբերյալ, այս պահին անուներ չենք կարող տալ, քանի որ այդպես կվնասենք ե՛ւ օպերատիվ աշխատանքին, ե՛ւ նախաքննության աշխատանքին: Այս պահին կատարվում են անհաժեշտ գործողությունները նշված հանցագործությունը կատարող անձի ինքնությունը պարզելու համար»,- ասաց նա:

Քնար Մանուկյան




Լրահոս