Մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ազդարարվել է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանը: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է բոլոր այն մարդկանց, ինստիտուտներին, հաստատություններին, ակումբներին, որոնք կցանկանան ստանձնել պատասխանատվություն և իրենց մոտ բացել թելադրության հարթակներ: «Սրանով բոլորն իրենց փոքրիկ ներդրումը կունենան այս կարևոր գործում: ԿԳ նախարարությունը խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի տարածմանը և կրթության համակարգի զարգացմանը»,-նշել է նա՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, պաշտոնից կամ տարիքից, միանալ այս նախաձեռնությանը: Գոհար Մամիկոնյանը նաև տեղեկացրել է, որ նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով, և որևէ ֆինանսական ներդրում կամ պարտադրանք չկա: «Մենք ցանկանում ենք այն դարձնել համահայկական թելադրության տոն, հայոց լեզվի տոն՝ ՀՀ ում և դրա սահմաններից դուրս»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ նախաձեռնության առաջնային խնդիրը հայոց լեզուն պահպանելը, տարածելն ու զարգացնելն է: «Մենք ողջունել և սիրով գործակցում ենք այս երիտասարդ, ինքնատիպ նախաձեռնության հետ: Գիտենք, որ սոցիալական ցանցերում, հատկապես երիտասարդների շրջանում, հայերեն չեն գրում, և այսօր լեզվի խնդիր ունենք: Այս նախաձեռնությունը որոշ չափով կնպաստի այդ խնդրի լուծմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այն կնպաստի նաև գրագիտության մակարդակի բարձրացմանը, որը միայն դպրոցի խնդիրը չէ»,-նշել է Դավիթ Գյուրջինյանը՝ հորդորելով նախաձեռնությանը ներգրավել նաև տուն-թանգարաններին: «Այն հավելյալ առիթ կլինի, որ մարդիկ մեկ անգամ ևս գնան թանգարաններ, որը, ի վերջո, նաև խորհրդանշական է, երբ խոսքի վարպետների օրրանում ես գրում թելադրություն»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ թելադրության տեքստում, իհարկե, դժվար բառեր կան, սակայն դրանք արհեստական չեն ավելացված:

«Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ այս պահին դեռ հարթակների ներգրավմամբ են զբաղված. պատրաստվում են դիմել համալսարաններին, դպրոցներին և հասարակական կազմակերպություններին: «Թելադրությունն անցկացվելու է միաժամանակ մի քանի հարթակներում: Այն նպատակ ունի բարձրացնել հայերենի կարևորությունը ինչպես ՀՀ-ում, Արցախում, այնպես էլ սփյուռքում: Թելադրությունն այս տարի նաև արևմտահայերեն է լինելու: Մեր մոսկովյան գործընկերները ևս ակտիվ ներգրավված են այս հարցում, որոնք միաժամանակ զբաղված են եվրոպական հարթակների համակարգմամբ:

Իրականում մենք մեծ պատասխանատվություն ենք զգում լեզվի խնդրին մոտենալիս, և մեզ համար կարևոր է, որ պետությունը որևէ ձևաչափով մասնակից է դրան: Երկար տարիներ մենք պետականության, մշակույթի, լեզվի պահպանման խնդիր ենք ունեցել, և եթե այսօր պետության կողմից է գնում այս ազդակը, սա ամբողջությամբ նոր իրավիճակ է, երբ պետությունն ու հանրային սեկտորը միաժամանակ մասնակցում են և կարևորում խնդիրը»,-նշել է Հայկ Դավեյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Թումանյանի 150-ամյակի հետ:

Նշենք, որ արդեն մարտի 20-ին կբացվի մասնակիցների գրանցումը, իսկ թելադրությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 13.00-ին: Նախագծի մանրամասները՝ www.teladrutyun.am և www.facebook.com/events/790086868002539:




Լրահոս