Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը քննարկում են Օպերային հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու հետևանքով ստեղծված իրավիճակը:
Վիկտոր Մնացականյանը նշեց, որ իրենք պետք է քննարկումներ իրականացնեն քաղաքապետարանի որոշ աշխատակիցների, վարչության պետի և Երևանի քաղաքապետի հետ: Ժամը 15:30-ին կվերադառնան և կներկայացնեն իրենց դիրքորոշումները:
Հարցին, թե ինչու չեն ապամոնտաժվում բոլոր սրճարանները Մնականյանն ընդգծեց, որ իրենք հաշվարկել են որոշ սրճարանների վնասի չափերը և նրանց որոշել են մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրել:
Զոհրաբյանն ու Աբովյանը ժամանել են Ազատության հրապարակ, քանի որ ահազանգեր էին ստացել քաղաքացիներից իրենց հանդեպ բռնությունների վերաբերյալ:
«Մենք այստեղ ենք, որպեսզի կրքերը չբորբոքվեն, և անպայման երկխոսություն լինի»,- ասաց Արման Աբովյանը: