Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը:
«Վաղը ժամը 15:00-ին դատարանը որոշում կկայացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Նա բավական երկար բացատրություններ տվեց՝ մոտ 40 րոպե: Մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչև մարտի 2-ը»,- ասաց փաստաբանը:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: