Ովքեր էին Օպերայում հայտնված կասկածելի երիտասարդները, որոնք ոստիկանների հետ բախումներ հրահրեցին և վանկարկեցին «Ռոբերտ վարչապետ». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում. «Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սակայն երեկ իրավիճակը գնալով թեժանում էր. անգամ ԱԺ պատգամավորներն էին շտապել դեպքի վայր` փորձելով կանխել հնարավոր բախումները: Սակայն նկատենք, որ բախումներ, այնուամենայնիվ, եղան. սրճարանների սեփականատերերն իրենց աշխատակիցների հետ բոլոր հնարավոր միջոցներով երեկ դիմադրում էին` փորձելով խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներին: Սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, հետո բանը հասավ քաշքշուկին, բախումներին:

Բայց հետաքրքիրն այն է, որ Օպերային հարող տարածքում իրավիճակը շատ ավելի թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ հայտնվեցին ինչ-որ երիտասարդների խմբեր, որոնք եւս սկսեցին բողոքել սրճարանների ապամոնտաժման դեմ: Ընդ որում, նրանք ոչ թե բողոքում էին, այլ ավելի շուտ ոստիկանության հետ բախումներ հրահրում: Նույնիսկ բանը հասավ նրան, որ սկսեցին վանկարկել «Ռոբերտ վարչապետ», «Քոչարյան վարչապետ»:

Բանը հասավ նաեւ սրճարանատերերի ու սրճարանի աշխատակիցների կողմից լրագրողների աշխատանքները խոչընդոտելուն, երբ արգելում էին տեսանկարահանել իրենց` «դուխով», «ես լավ տղա եմ» երգերի տակ պարելը, գոռգոռոցը:

Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստատեսությամբ անդրադարձել է այս խնդրին` նշելով. «Ես ինքս եմ հատուկ հանձնարարել ամեն ինչ անել մեղմ, մարդկային»: Նրա խոսքերով` ծանուցումները ժամանակին ուղարկվել են, եւ տնտեսվարողները դրանք ստացել են, սկզբում համաձայնել, բայց հետո հրաժարվել են քաղաքապետարանի պահանջը կատարել: Մարությանը նաեւ ասել է, որ այդ տարածքները վարձակալել են ծիծաղելի գներով` 90 հազար դրամ ամսական:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս