Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր:
Ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային պայմաններից է ընտանեկան նպաստի գործող համակարգի ամբողջական վերափոխումը:
«Ընտանեկան նպաստի գործող համակարգը բազմագործոն է և բազմաբաղադրիչ: Այն վերափոխելու համար հարկավոր է օգտագործել արդեն իսկ փորձարկված ու կիրառված գործիքներ ու մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ունենալու ամբողջական վերլուծություն և համապարփակ պատկեր», – ասել է նախարարի տեղակալը:
Անդրադառնալով մեկնարկող աշխատանքներին՝ Անդրեասյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հստակեցնել համակարգի թիրախներն ու նպատակները, հասկանալ ինչպիսի ծրագրեր կան և քարտեզագրել դրանք: Մշակվող քաղաքականությունը միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մենաշնորհը չէ. սա ենթադրում է տարբեր գերատեսչությունների ջանքերի համատեղում և տարբեր քաղաքականությունների համաձայնեցում:
Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հայտնել են իրենց պատրաստակամությունն ու աջակցությունը՝ իրականացվող գործընթացին մասնակից լինելու և իրենց փորձառությունը կիսելու: Նրանք ներկայացրել են արդեն մշակված այն գործիքակազմը, չափորոշիչներն ու մոնիթորինգային համակարգը, որը թույլ կտա բարեփոխել ոչ միայն ընտանեկան նպաստի համակարգը, այլև՝ գործող միջոց դառնալ զբաղվածության, ժողովրդագրության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու համար:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության և պատրաստակամության համար՝ Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ համատեղելով բոլորի ջանքերն ու կարողությունները, մոտ ժամանակներում կունենանք ոլորտի փաստարկված քաղաքականություն և կարձանագրենք իրական արդյունքներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին